«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվստները, որոնք մուլիսի 26-ի կեսօրից նստացույց են կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի դիմաց, հրապարակել են իրենց վարքային կանոնները նստացույցի ընթացքում (ֆոտոռեպորտաժ): Նրանք գիշերն անցկացրել են քաղաքապետարանի դիմաց, որտեղ աստիճանների ու խոտերի վրա նստած հայրենասիրական երգեր են երգել ու կիթառ նվագել:
Ստորեւ ներկայցնում ենք նստացույցի մասնակիցների հռչակած վարքային կանոնները.
«Տարածքը պահում ենք մաքուր, աղբը թափում ենք հատկացված տեղերում, միմիայն հատկացված տեղերում:
Չենք տրվում սադրանքներին, մեզ պահում ենք զուսպ, կարգապահ, ժպտում ենք, հարգալից ենք միմյանց ու բոլորի հանդեպ:
Բանավեճերի, խոսակցությունների չենք բռնվում ոստիկանության ներկայացուցիչների հետ: Շփումը կատարվում է միմիայն նրանց կողմից օրինական պահանջ ներկայացնելու դեպքում:
Ոստիկանության հետ կապված հարցերի դեպքում միասին որոշում ենք, թե ով է բանակցելու նրանց հետ: Չենք խառնվում նրանց խոսակցությանը եւ խոսում են միայն նա, ով մեզ է փոխանցում արդյունքները:
Չենք վիճում, չենք կոպտում ոստիկաններին, խոսում ենք նրանց հետ հարգալից՝ դիմելով՝ «պարոն ոստիկան» արտահայտությամբ:
Հիշում ենք, որ նստացույցն ունի իր պահանջները եւ բոլոր կոչերը, հայտարարությունները պետք է բխեն այդ պահանջներից:
Նստացույցի մասնակիցները չեն օգտագործում ոգելից խմիչքներ, թմրանյութեր, մաքսիմում կարող են ծխել:
Նստացույցի ժամանակ փորձում ենք շարքերով կանգնել կամ նստել, այնպես, որ կարգապահ տեսք ունենանք ու հնարավոր չլինի սադրանքներ անել: Խմբվելու դեպքում թողնում ենք ազատ տարածքներ նկարահանումների համար»:
Հիշեցնենք, որ նրանք 7 կետից բաղկացած պահանջներ են առաջ քաշել: Պահանջներից մեկը վերաբերում է նրան, որ վերջին օրերին ուղեւորներին կրած վնասը փոխհատուցելու համար տրանսպորտի ուղեվարձը առաջիկա 5 օրերին պետք է դառնա 50 դրամ: Բացի այդ նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ անօրինական որոշում ընդունելու եւ տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու, այնուհետեւ ժամանակավոր կասեցնելու համար։ Նաեւ պահանջում են անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ Երեւան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին եւ նշում, որ մինչեւ նրանք հրաժարական չտան, իրենք չեն հեռանա քաղաքապետարանի մոտից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քաղաքապետարանի որոշմամբ՝ հուլիսի 20-ից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեին 100 դրամ՝ նախկինի 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումն ընդվզում էր առաջացրել Երեւանում, որը օր օրի սկսել էր թափ առնել: Սկսվել էր նաեւ Free car ակցիան, որի շրջանակներում մի շարք դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պատգամավորներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ մարդկանց անվճար տեղափոխում էին:
Ի վերջո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 25-ին կասեցրեց ուղեվարձի թանկացման որոշումը, սակայն շարժման ալիքը դեռ պահպանվում է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























