Նախօրեին հերթական բարբարոսությունն է տեղի ունեցել Բաքվի շրջանում: «Ադրբեջանի ավիաուղիներ» (AZAL) ՍՊԸ-ի ուղեկցորդուհու դեմքին ծծմբաթթու են  լցրել:

Vesti.Az-ը հայտնում է, որ ոստիկանները ձերբակալել են կասկածյալին: Նա ուղեկցորդուհու նախկին ամուսին, նախկինում դատված 1963թ. ծնված Ֆարհադ Աբդուլրահմանովն է եղել:

Հանցագործության հետեւանքները լուրջ են: 1972թ. ծնված Ալֆիա Աբդուլրահմանովայի երկու աչքն էլ հարձակման հետեւանքով կուրացել է: Բացի դրանից,  այլանդակվել է նրա դեմքն ու պարանոցը: Այժմ նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:

Քննության ընթացքում պարզվել էր, որ 6 տարի առաջ Աբդուլրահմանովներն ամուսնալուծվել էին, սակայն կինը պահպանել էր ամուսնու ազգանունը: Այդ ամուսնությունից նրանք որդի ունեն, որն այս տարի ընդունվում է Ազգային ավիացիոն ակադեմիա: Ամուսնալուծությունից հետո Ա. Աբդուլահմանովան տեղափոխվել էր Բինա ավան, որտեղ բնակվում էր որդու հետ:

Ատամնաբույժ աշխատող նախկին ամուսինը հարցաքննության ընթացքում խոստովանել է, որ Ալֆիային խիստ խանդել է, թեեւ ամուսնալուծոված էին: Նա որոշել էր, որ Ալֆիան կամ իրենն է լինելու, կամ` ոչ ոքինը:  Այդ մտքով էլ Աբդուլրահմանովը պատրաստել էր ծծմբաթթվի լուծույթը եւ ուղեւորվել նախկին կնոջ տուն:  Այնտեղ նա իր որդու աչքի առաջ ծծմբաթթուն լցրել էր կնոջ դեմքին: Հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է: