Երբ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը դատական հայցով հանդես գա քաղաքապետարանի եւ Տարոն Մարգարյանի դեմ, այն ժամանակ էլ, քաղաքապետարանի համապատասխան օղակները կարձագանքեն դրան: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ հավելելով, որ ինքն այս պահին չի ցանկանում մեկնաբանել «Բարեւ Երեւան» խմբակցության հայտարարությունը՝ Տարոն Մարգարյանին եւ քաղաքապետարանի դատի տալու վերաբերյալ:

«Երբ որ իսկապես դատական հայցը լինի, այդ ժամանակ, ես վստահ եմ, քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը կմեկնաբանի, հանդես կգա մասնագիտական ու հստակ պարզաբանումներով:

Եթե նրանք հարցն իրավական հարթություն են տեղափոխում, թող դատարանը վճիռ կայացնի, թե որքանով է հիմնավոր նրանց հայցը»,-ընդգծեց Արթուր Գեւորգյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը պատրաստվում է  առաջիկա օրերին դատական գործընթաց սկսել Երեւանի քաղաքապետարանի ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձն անհիմն բարձրացնելու մեղադրանքով: Մասնավորապես, «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ այս պահին աշխատում են հայցի վրա: «Երբ կոնկրետ կետերը լինեն, կկարողանանք ավելի հանգամանալից ներկայացնել»,- ասել է Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ թեեւ Երեւանի ավագանու արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել էին, բայց արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն էլ չկա, քանի որ ապօրինի որոշումը կասեցվել է:

Հիշեցնենք, որ քաղաքապետի որոշմամբ՝ հուլիսի 20-ից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեին 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումն ընդվզում էր առաջացրել Երեւանում, որը օր օրի սկսել էր թափ առնել: Սկսվել էր նաեւ Free car ակցիան, որի շրջանակներում մի շարք դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պատգամավորներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ մարդկանց անվճար տեղափոխում էին:

Ի վերջո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 25-ին կասեցրեց ուղեվարձի թանկացման որոշումը, սակայն շարժման ալիքը դեռ պահպանվում է: