Սեբաստիա փողոցն այսօր՝ հուլիսի 27-ին, հոլիվուդյան մարտաֆիլմի ասպարեզի է վերածվել: Ոստիկանության աշխատակիցներն այսօր գնացել են Ոսկանյան փողոց՝ քրեական մի գործի շրջանակներում խուզարկություն իրականացնելու Վարդան (Վրթանես) Հակոբյանի տանը: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, վերջինս նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբոր՝ Սիմոն Հակոբյանի կրտսեր որդին է:
33-ամյա Վարդան Հակոբյանը, տեսնելով ոստիկաններին, փորձել է փախուստի դիմել, իր մեքենան վարել է ոստիկանների ուղղությամբ, վնասելով մի քանի մեքենաների: Ոստիկանության աշխատակիցներից մեկը նախազգուշական կրակոց է արձակել օդ:
Հիշեցնենք, որ Սիմոն Հակոբյանի ավագ որդին՝ Ստեփան Հակոբյանը ձերբակալվել էր 2011 թվականի դեկտեմբերի 14-ին: Նա ներկայումս մեղադրվում է Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով, որպես կազմակերպիչ:





























