Ոստիկանությունը հաստատել է Սեբաստիա փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին NEWS.am-ի տեղեկությունը:

Ոստիկանության  լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ոստիկանները քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ գնացել են խուզարկության, տանը բնակվող անձը նկատելով ոստիկաններին՝ դիմել է փախուստի՝ այդ ընթացքում վնասելով մի քանի ավտոմեքենաներ, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին: «Ինչ վերաբերում է կայքերի նախնական տեղեկատվությանը, որ կրակել է ոստիկանների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, կրակոցը եղել է ոստիկանության ծառայողի կողմից՝ որպես նախազգուշական կրակոց: Մեկ անգամ եւս լրատվամիջոցներին կոչ ենք անում տեղեկատվություն տրամադրելիս՝ ճշտել մեր ծառայության հետ»,-հայտարարել է Աշոտ Ահարոնյանը:

Նշենք, որ այս պահին խուզարկությունը շարունակվում է: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սեբաստիա փողոցն այսօր հոլիվուդյան մարտաֆիլմի ասպարեզի է վերածվել: Ոստիկանության աշխատակիցներն այսօր հուլիսի 27-ին գնացել են Ոսկանյան փողոց՝ քրեական մի գործի շրջանակներում խուզարկություն իրականացնելու Վարդան (Վրթանես) Հակոբյանի տանը: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, վերջինս նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Լեդի Հակոբի եղբոր՝ Սիմոն Հակոբյանի կրտսեր որդին է:

33-ամյա Վարդան Հակոբյանը, տեսնելով ոստիկաններին, փորձել է փախուստի դիմել, իր մեքենան վարել է ոստիկանների ուղղությամբ, վնասելով մի քանի մեքենաների: Ոստիկանության աշխատակիցներից մեկը նախազգուշական կրակոց է արձակել օդ:

Հիշեցնենք, որ Սիմոն Հակոբյանի ավագ որդին՝ Ստեփան Հակոբյանը ձերբակալվել էր 2011 թվականի դեկտեմբերի 14-ին: Նա ներկայումս մեղադրվում է Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով, որպես կազմակերպիչ: