Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն ապշել է՝ ընթերցելով ուղեվարձի բարձրացման մասին քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: Սաֆարյանն այդ մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի Facebook-յան ասուլիսի ընթացքում:

«Մի՞թե քաղաքապետը չգիտի, որ օբյեկտիվ հիմնավորված առաջարկների դեպքում կարելի է բարձրացնել սակագինը, մի՞թե նա օրենքները չի կարդում»,- ասել է Սաֆարյանն ու հավելել․ «Ի՞նչ է նշանակում, որ ուղեւորափոխադրումներ իրականացնող մասնավոր ընկերությունները վարկեր ունեն: Իսկ ո՞վ է մտածում, որ որեւէ քաղաքացի վարկի տակ է եւ չի կարողանում վճարել»:

Վերջինս խոսել է ակցիաների մասին եւ արձանագրել, թե առաջին օրերին նկատելի էր, որ Կենտրոնում ակցիաների բազմազանությունն ավելի մեծ էր եւ ավելի հեշտ եղավ սառույցը կոտրել: «Ինձ չափազանց տպավորեց, որ Ֆեյսբուքյան ակտիվիստները լուրջ ներդրում ունեցան Free car ակցիային: Շատ պայծառ մարդիկ մեծ ներդրում կատարեցին, եւ առաջին հերթին՝ դա արեցին արեւի տակ, ճնշումների եւ սադրանքների դիմադրող մեր երիտասարդները»,- ասել է Ստյոպա Սաֆարյանը:

Նա նաեւ նկատել է, որ Երեւանի ավագանու եւ հանձնաժողովների նիստերում «Բարեւ, Երեւան» դաշինքը պետք է քննարկման դնի տրանսպորտի հարցը, որ երեւանցին ոչ միայն մատչելի, այլեւ որակյալ տրանսպորտ ունենա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am