Քաղաքացիական շարժումը միշտ էլ զարգացման հեռանկարներ ունի, որովհետեւ բոլորովին այլ, նորովի մտածող սերունդ է մեծացել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ով ակտիվորեն մասնակցում էր տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներին, մասնավորապես՝ Free car ակցիային:
«Շարժումը միշտ էլ զարգացման հեռանկարներ ունի, եթե հաշվի առնենք, որ սերունդն է այդպես մտածում: Այս սերունդը, որ տա Աստված երկրին տեր կկանգնի, բոլորովին այլ հասարակություն կլինի: Որովհետեւ սերունդը այլ կերպ է մեծացել: Բայց հիմա ինչ-որ ծիլեր են, սաղմնային վիճակ է, կայացման շրջան է: Հնարավոր է, որ տարբեր իշխանական ատյաններ տարօրինակ որոշումներ կայացնեն, եւ շարժումն ակտիվանա»,- նշել է Կարեն Քոչարյանը:
Հարցին, թե ինչպես է գնահատում, որ ակտիվիստների մի մասը շարունակում է բողոքի ակցիաները՝ պահանջելով որոշ պաշտոնյաների հրաժարականը, Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Դա այն տարիքն է, որ ադրենալինն է, էնտուզիազմն է, ինչ-որ բանի հասել են: Նրանք մի քանի կետից պահանջներ են ներկայացրել, որոնցից գոնե մի կետի հետ ես համաձայն եմ եւ կպայքարեմ դրա համար: Եւ ոչ միայն ես, այլ նաեւ free car-ի բոլոր ակտիվիստները: Գոնե այդ կարգի չինովնիկներ, դինոզավրի դեմքերով եւ հայհոյախոս, իրավունք չունեն աշխատելու պետական համակարգում»,- արձանագրեց քաղտեխնոլոգը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























