Պետությունը պետք է սուբսիդավորի երեւանյան երթուղայինների եւ ավտոբուսների գազն ու դիզվառելիքը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը։
Ըստ նրա՝ նման առաջարկ միոււթյունը կներկայացնի Երեւանի քաղաքապետարանի կողմից ստեղծվելիք աշխատանքային խմբում, որը քննարկելու է ուղեվարձի սակագնի հարցը։
Խմբում ընդգրկված կլինեն տրանսպորտային ընկերությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու պաշտոնյաներ։
«Մենք հուսով ենք, որ կհրավիրեն նաեւ մեր կազմակերպությանը` որպես շահագրգիռ կողմ», – հավելել է Փանոսյանը:
Երկրորդ առաջարկը կվերաբերի սահմանված վճարի, ինչպես նաեւ երթուղու սպասարկման վճարի կրճատմանը, որն այժմ կազմում է 16500 դրամ (40 դոլար)` առանց ավտոբուսի կամ միկրոավտոբուսի տարբերակման:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բողոքի ցույցերին տեղի տալով կասեցրել էր երթուղիների սակագինը 100-ից 150 դրամ դարձնելու վերաբերյալ որոշման գործողությունը: Ավտոբուսների եւ երթուղայինների սահմանված վճարը հաշվվում է նստատեղերի քանակով: Այսպես, 15 տեղանոց «Գազելի» համար այն ամսական կազմում է 39 հազար դրամ (95 դոլար):




























