Ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնը պահանջում է պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հրաժարականը։

Պատճառներից մեկը դարձել է երկրի զինդատախազ Խանլար Վելիեւի վերջին ելույթը զինդատախազության կիսամյակային ամփոփիչ նիստում։ Այսպես, ըստ Վելիեւի՝ այն դեպքում, երբ ՊՆ-ում հանցագործությունների թիվը կրճատվել է, Երրորդ զինվորական միավորումում (արեւմտյան ուղղություն) հանցագործությունների թիվն աճել է  21,2 %-ով։ Հետաքրքիր է, որ Երրորդ միավորումում 2013թ.առաջին կիսամյակում ոչ մարտական կորուստների թիվը նախորդ տարվա համեմատ մնացել է նույն մակարդակում՝ 10 զոհ, նույնքան վիրավոր։ Այդ պատճառով, հանցագործությունների աճը կապված է քրեական գործողությունների հետ։

Ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնը կարծում է, որ Երրորդ միավորումում իրադրոթյան թեժացումը պայմանավորված է դրա հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի միջեւ հակասություններով։ Դեռ հունվարին Աքփերովին խիստ նկատողություն էր հայտարարվել Ջեյհուն Գուբալովի՝ հանրային հնչեղություն ստացած եւ Բաքվում հունվարի 12-ին ցույցերի ալիք բարձրացրած մահվան համար։

Ըստ լրատվամիջոցների՝ հուլիսի 26-ին Աքփերովը չէր հրավիրվել ռազմական շքերթին եւ կարողացել էր դրան մասնակցելու իրավունք վաստակել ղեկավարությանն անձամբ դիմելուց հետո։

«Դոկտրինան» կարծում է, որ Աքփերովը գաղտնի պայքարում է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնի համար եւ նրա միավորման ներսում հանցավորության աճի մասին հրապարակային հայտարարությունը Աքփերովի նկրտումները չեզոքացնելու փորձ է:  Ըստ կենտրոնի տվյալների` հուլիսի 26-ի դրությամբ տարվա սկզբից ադրբեջանական բանակի կորուստները կազմել են 55 մարդ, եւս 71-ը վիրավորվել են կամ էլ մարմնական վնասվածքներ ստացել:

Ընդ որում, ութ մարդ զոհվել է հայերի փամփուշտներից, իսկ 47-ը ռազմական կորուստներ չեն: Վեց մարդ զոհվել է դժբախտ պատահարների հետեւանքով, 11-ը` վթարների,  3 –ը` ավիավթարների, 2-ը` անհայտ պատճառներով, 1-ը` անզգուշության պատճառով, 1-ն էլ սպանվել է քաղաքացիական անձի կողմից, 6-ը դարձել են միջանձնային հարաբերությունների զոհ, 6-ը` հիվանդության, 11-ը` ինքնասպանության:

Հատկանշական է, որ զինդատախազը ոչ մի կերպ չի անդրադարձել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ինքնասպանությունների աճի (15%) թեմային «Եթե իշխանությունները բանակում լուրջ փոփոխություններ են ցանկանում,  ապա պետք է պաշտոնանկ անեն պաշտպանության նախարարության ղեկավարությանը՝ Աբիեւի գլխավորությամբ եւ սկսեն հիմնարար բարեփոխումներ կատարել», - ասված է ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի հայտարարության մեջ: