«Մահմեդական եղբայրները» հայտնում են Եգիպտոսում իրենց իսկ հրահրած խռովությունների բազմաթիվ զոհերի մասին: «Մահմեդական եղբայրների» կայքը տեղեկացնում է հուլիսի 27-ի գիշերը իսլամիստների հետ ՆԳՆ-ի ուժերի բախումների հետեւանքով 120 զոհերի մասին` Կահիրեի Ռավիա ալ Ադավիա հրապարակում:
Շարժումը կատարվածն անվանել է «մարդկանց զանգվածային ոչնչացում»: Ըստ ականատեսների` հրապարակին հարակից թաղամասերում բախումների ժամանակ անջատել էին հեռախոսակապը, չի գործել համացանցը, մարդիկ չեն կարողացել զանգահարել շտապօգնություն եւ հայտնել կատարվածի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Եգիպտոսի տարբեր քաղաքներում հուլիսի 26-ին տեղի են ունեցել բողոքի զանգվածային ցույցեր բանակի կողմնակիցների եւ հակառակորդ «Մահմեդական եղբայրների» մասնակցությամբ:
Ամբողջ երկրում փողոց է դուրս եկել 35 միլիոն մարդ: Բախումներն ու անկարգությունները սկսվել էին ուշ երեկոյան եւ շարունակվել մինչեւ ուշ գիշեր: Ամենադաժան փողոցային մարտերը տեղի են ունեցել Կահիրեում եւ Ալեքսանդրիայում: ՆԳՆ-ից հայտնել են, որ ոստիկանությունը միայն արցունքաբեր գազ է կիրառել, իսկ հրազեն կիրառել են քաղաքացիական անձինք:





























