Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում այսօր` հուլիսի 27-ին, տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտների 15-րդ հոսքի սպայական վկայականների հանձնման և Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում:

Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, զինված ուժերի եւ գլխավոր շտաբի բարձրաստիճան անձինք:

Նորաթուխ 402 սպաները վկայականներն ստացել են Անմար կրակի մոտ, որը խորհրդանշում է սպայի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելու ձգտումը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, դիմելով երիտասարդ սպաներին, նշել է, որ երրորդ հազարամյակում մարտահրավերներին դիմակայելու համար հայկական բանակին անհրաժեշտ են գրագետ սպաներ: Սեյրան Օհանյանը նշել է, որ այս օրը թանկ է իր համար` 30 տարի առաջ նույն այս օրն ինքն ստացելէր լեյտենանտի կոչում:

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ հպարտ է, որ ՀՀ Զինուժը հասել է այն մակարդակին, երբ հայրենական ռազմական բուհերը պատրաստում են որակավորված, համապատասխան գիտելիքներով եւ հմտություններով օժտված կադրեր: