ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր՝ հուլիսի 27-ին, ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետությունում առաջին ազատ տնտեսական գոտու պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։
Մուտքի խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո Տիգրան Սարգսյանը Մաքսիմ Սոկոլովի հետ շրջել է ազատ տնտեսական գոտու տարածքում, ծանոթացել առաջարկվող ենթակառուցվածքներին եւ ծառայություններին:
Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման նպատակը մեր երկրում արտասահմանյան ուղղակի ներդրումների խթանումն է, արտահանման ծավալների ավելացումը, նոր աշխատատեղերի եւ կայուն տնտեսական զարգացման նախադրյալների ստեղծումը:
Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն է: ԱՏԳ-ն ունի 55799 քմ արտադրատնտեսական եւ 37908 քմ գրասենյակային տարածք, կազմակերպվել է «ՌԱՕ Մարս» եւ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ների տարածքում:
ԱՏԳ տարածքում կարելի է գործունեություն ծավալել ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության եւ բիոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերական դիզայնի, հեռահաղորդակցության, տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի եւ նյութերի նախագծման եւ արտադրության ոլորտներում: ԱՏԳ ռեզիդենտներն իրենց գործունեությունը ԱՏԳ տարածքում կարող են իրականացնել «մեկ պատուհան» ծառայության միջոցով: Նրանց համար ստեղծվել է շահավետ հարկային դաշտ. ազատում ավելացված արժեքի հարկից, ներմուծման եւ արտահանման մաքսատուրքից, շահութահարկից, գույքահարկից: Պոտենցիալ ռեզիդենտները կօգտվեն նաեւ հետեւյալ արտոնություններից` արժույթային սահմանափակումների բացակայություն, կապիտալի, շահույթի եւ դիվիդենտների ազատ տեղափոխում: Այս ամենը կնպաստի արտադրվող ապրանքների ինքնարժեքի նվազեցմանը եւ մրցունակության բարձրացմանը:





























