402 սպաներ համալրել են Հայաստանի զինված ուժերի շարքերը: Այսօր՝ հուլիսի 27-ին, Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում, կայացել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտների 15-րդ հոսքի սպայական վկայականների հանձնման եւ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան զինվորականներ, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր, շրջանավարտների ու կուրսանտների հարազատներ:

Խորհրդանշական է, որ 402 նորաթուխ սպաները պաշտպանության նախարարից եւ բարձրաստիճան սպաներից իրենց ավարտական վկայականները եւ լեյտենանտ կոչումները ստացել են «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ, ինչը պարտավորեցնում է զինված ուժերի շարքերը համալրող սպաներին ծառայության ընթացքում բարձր պահել հայ սպայի պատիվն ու արժանապատվությունը:

Հայկական բանակի շարքերը համալրող սպաներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Երրորդ հազարամյակում արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար hայրենիքին անմնացորդ նվիրումից զատ, Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նաեւ բանիմաց սպայակազմ»:

Նա ընդգծել է նաեւ, որ այսօր ժողովրդի համար մեծ տոն է՝ «մեր պապերի եւ հայրերի հիշատակը հավերժացնող խորհրդանշական վայրում՝ Հաղթանակի զբոսայգում, հայ սպաներն ավարտական արարողության են մասնակցում: Ասել է թե` նրանք նաեւ պարտավորվում են մեր մեծերի, մեր պապերի ու ծնողների առջեւ, որ շարունակելու են նրանց գործը: Նրանք հաստատակամ քայլերով պետք է լրացնեն այն մեծ զորավարների կազմը, որ մենք ունեցել ենք ոչ միայն հայկական բանակում, այլ նաեւ Խորհրդային եւ մի շարք արտասահմանյան բանակներում»,- ասել է նախարարը եւ հավելել, որ օրը խորհրդանշական է նաեւ իր համար, քանի որ «30 տարի առաջ ես եւս լեյտենանտի կոչում եմ ստացել եւ ապրել նույն հուզմունքը»:

Սեյրան Օհանյանը նաեւ շեշտել է, որ սպաները իրենց նվիրումով եւ ծառայությամբ պետք է վերացնեն բանակում դեռեւս առկա որոշ թերությունները: Նա նաեւ հավելել է, որ յուրաքանչյուր լեյտենանտ  պետք է ձգտի գեներալ դառնալ:   

Լրագրողների հետ առանձնազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է, որ տեսնելով մեր երիտասարդ սպաներին` ինքը հուզմունքի պահեր է ապրում ու նաեւ հպարտություն, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն այսօր մի այնպիսի աստիճանի են հասել, որ արդեն իսկ մեր սեփական ռազմաուսումնական հաստատությունները բավական բարձրակարգ, բարձր գիտելիքներով, պատրաստվածությամբ, համապատասխան հմտություններով եւ ունակություններով օժտված երիտասարդ, նվիրված սպաներ են պատրաստում, որոնք պետք են ոչ միայն բանակին, այլ նաեւ մեր հասարակությանը»: