ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդու՝ Վարդան Հակոբյանի բնակության վայրում եւ աշխատավայրում կատարված խուզարկություններն անուղղակիորեն առնչվում են Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Անդրանիկ Զատիկյանի հանկարծակի մահվան հետ:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, բուն մահվան փաստով հարուցված գործը կարճվել էր, սակայն փոխարենը գործ էր հարուցվել Անդրանիկ Զատիկյանին թմրամիջոցներ իրացնող անձին հայտնաբերելու համար: Այդ գործի շրջանակներում էլ վարկածներից մեկը եղել է այն, որ թմրամիջոցներից մահացած Անդրանիկ Զատիկյանին թմրամիջոցներ է իրացրել Վարդան Հակոբյանը:

Այսօր խուզարկություններ են կատարվել Վ. Հակոբյանի հորը՝ Սիմոն Հակոբյանին, պատկանող տարածքում, Վ. Հակոբյանի տանն ու աշխատավայրում: Կայքի տեղեկություններով, թմրամիջոցներ չեն հայտնաբերվել, փոխարենը հայտնաբերվել են ՏՕԶ տեսակի փամփուշտներ եւ մեծ քանակությամբ գումար` մի քանի միլիոն դոլար եւ դրամ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սեբաստիա փողոցն այսօր՝ հուլիսի 27-ին, հոլիվուդյան մարտաֆիլմի ասպարեզի է վերածվել: Ոստիկանության աշխատակիցներն այսօր գնացել են Ոսկանյան փողոց՝ քրեական մի գործի շրջանակներում խուզարկություն իրականացնելու Վարդան (Վրթանես) Հակոբյանի տանը: Վերջինս նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբոր՝ Սիմոն Հակոբյանի կրտսեր որդին է:

33-ամյա Վարդան Հակոբյանը, տեսնելով ոստիկաններին, փորձել է փախուստի դիմել, իր մեքենան վարել է ոստիկանների ուղղությամբ, վնասելով մի քանի մեքենաների: Ոստիկանության աշխատակիցներից մեկը նախազգուշական կրակոց է արձակել օդ:

Հիշեցնենք, որ Սիմոն Հակոբյանի ավագ որդին՝ Ստեփան Հակոբյանը ձերբակալվել էր 2011 թվականի դեկտեմբերի 14-ին: Նա ներկայումս մեղադրվում է Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով, որպես կազմակերպիչ: