Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանն արդեն քիչ-քիչ կազդուրվում է, հունի մեջ է ընկել ու շարունակում է ծառայությունը: Այդ մասին Բուդաղյանն ասել է ԳԱԼԱ-ի հետ զրույցում:
«Ես արդեն նորմալ եմ, ծառայության մեջ եմ, այնպես որ ծառայությունս էլ նորմալ է, կազդուրվում եմ երեւի»,-ասել է Արտակ Բուդաղյանը՝ խնդրելով իրեն հնարավորինս քիչ հարցեր տալ, քանի որ նախ ծառայության մեջ է եւ ապա այնքան էլ լավ չի զգում իրեն: Բուդաղյանն ասել է նաեւ, որ իր հետ Արցախ են մեկնել նաեւ իրեն բուժող բժիշկները, ովքեր հետեւում են իր առողջությանը. «Այո՛,այստեղ ինձ հետ բժիշկներ կան, այնպես որ իմ առողջության հարցը նորմալ է, ես անցել եմ իմ գործին...»:
Հհարցին, թե երբ է գալու ժամանակը, երբ գնդապետը կխոսի եւ կպատմի տեղի ունեցածի մասին՝ իր տեսանկյունից, Ա. Բուդաղյանը սկզբում լռել է, ապա ասել. «Կներեք, բայց ես ձեր այդ հարցին առայժմ չեմ պատասխանի»:
Նշենք, որ Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Նրանց շահերը կպաշտպանեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին Զիլֆուղարյանը:
Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:
Լուսանկարը` «Emedia.am»-ի





























