«Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի»  գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Բաղրամյան 26 հասցեում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանին հասցեագրած դիմումով խնդրել է պարզել՝ «ներքաղաքային փոխադրավարձը բաձրացնելիս քաղաքապետ Տարոն Մագարյանը գտնվե՞լ է արդյոք շահերի բախման իրավիճակում կամ եղե՞լ է նման ռիսկ»:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, նույն դիմումի երկրորդ խնդրանքն է պարզել՝ «Ներդրումները կառավարելիս քաղաքապետը չի՞ օգտագործել արդյոք պաշտոնական դիրքը եւ լիազորությունները»:

Դիմումի մեջ նշված է․ «Վերջին օրերին, կապված ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ, առավել հաճախացել են հրապարակումները քաղաքապետի բիզնես-գործունեության, մասնավորապես, այն մասին, որ որոշ երթուղիներ սպասարկող կազմակերպություններ պատկանում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ նրա մերձավոր ազգականներին»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակվել էր Երեւանի քաղաքապետարանի պատասխանը, ըստ որի՝ մասնավորապես 5 եւ 32 երթուղիները սպասարկում է «Ռոբերտ-Տարոն» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Մամուլում պնդումներ կան, որ այդ ընկերությունը պատկանում է Տարոն Մարգարյանին եւ նրա  աներձագին՝ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին:

Առավել մանրամասն` «Ազատություն» ՌԿ-ի կայքում