Երկուշաբթի Պաղեստինի եւ Իսրայելի պատվիրակությունները Վաշինգտոնում կվերսկսեն բանակցությունները, հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը: Բանակցությունները փակուղում էին հայտնվել 2010թ.: Վերջին ամիսներին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին դրանց վերսկսմանն ուղղված խոշոր ջանքեր էր գործադրում: 

Բանակցությունները վերսկսելու մասին հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ Իսրայելը խոստացել է ազատ արձակել  պաղեստինցի 100 բանտարկյալների: Բանակցությունները կսկսվեն  երկուշաբթի երեկոյան եւ կշարունակվեն երեքշաբթի, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Պաղեստինա-իսրայելյան խաղաղ երկխոսությունն սկսվել էր 1993թ. եւ վերջին անգամ ընդհատվել  2010թ. աշնանը: Այդ ամբողջ ժամանակ իսրայելցիները պատրաստակամություն էին հայտնում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, սակայն մերժում էին պաղեստինցիների ներկայացրած նախնական պայմանները, այդ թվում` զավթված տարածքներում վերաբնակեցման դադարեցումը կամ 1949-67թթ. նախապատերազմական սահմանները զիջումների որոնման ելակետ ճանաչելը: