Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը հատկապես վերջին տարիներին նպատակամիտված քայլեր է կատարում մասնավորապես թեթեւ արդյունաբերության ոլորտը անորոշ ու երկար որոնումային թմբիրից դուրս բերելու եւ  հայրենական արտադրողներին զորակցելու ուղղությամբ։

Այդ նպատակով Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը ստեղծեց Թեթեւ արդյունաբերության ճյուղային միություն, որը անցած մեկ տարում արդեն հասցրել է բազմաթիվ հանդիպումներով, քննարկումներով ու բանավեճերով, այցերով եւ  ընդհանրական խնդիրների բարձրացմամբ Կառավարության ուշադրությունը բեւեռել ոլորտի զարգացմանը։

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության լրատվական ծառայությունից հայտնում են, թե կատարվել է երկար սպասված քայլերից մեկը։ Թեթեւ արդյունաբերության ճյուղային միությունը բացեց Հայաստանում թեթեւ արդյունաբերական արտադրանքի «Պատրաստված է Հայաստանում» առաջին մասնագիտացված խանութը, ուր վաճառվում են միայն մեր հանրապետությունում արտադրվող բարձրորակ հագուստ,  կոշիկ, գուլպեղեն եւ այլն։

Հետաքրքրությունը մեծ է, գնորդներին բացատրելու հարկ չի լինում։ Նրանք հրաշալի տարբերում են մեր վարպետների պատրաստած բարձրորակ արտադրանքը հատկապես Թուրքիայից եւ Չինաստանից կիլոգրամներով ներկրվող էժանագին, բայց շուտ շարքից դուրս եկող ապրանքներից։

Պակաս կարեւոր չէ նաեւ բարոյական գործոնը։ Այս արտադրանքը գնելով՝ մենք զորակցում ենք հայրենական արտադրողին, նպաստում նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ դրան ածանցյալ բոլոր դրական հետեւանքներով։

Տիգրան Մեծի 20 հասցեում՝«Տաշիր» հանրախանութի դիմաց եւ «Սիլ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող նորաբաց սրահում արդեն վաճառվում են «ՏՈՍՊ». «ԼՅՈՒՔՍ», «ԼԻԴԱ», «ՄԵԼԱՆՏԵ» եւ «ԱՐՏՍՈՔՍ» ընկերությունների արտադրանքը։ Ծրագրի հաջող ընթացքի դեպքում նմանատիպ սրահներ կբացվեն նաեւ հանրապետության այլ բնակավայրերում։