21 տարի առաջ այս օրը տնավեր եղած գաղթականներին կացարան ապահովելու նպատակով Սյունիք մեկնած ԱԻՄ-ականները եւ համակիրները 19 զոհ տվեցին: Հաջորդ օրը օգնության մեկնած եւս 4-րը զոհվել են , իսկ մեկ հոգի էլ հայտնվել է գերության մեջ: Այս մասին այսօր հուլիսի 29-ին Եռաբլուրում հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ մարտերը տեղի էին ունեցել ԱԻՄԱՎԱՆ 6-ի մերձակայքում: «Ես տարածաշրջանի պարետն էի՝ հաստատված նախագահի եւ ԱԺ-ի կողմից: Այդ ժամանակ նախագահը վստահեցնում էր, որ տարածքը պաշտպանված է ու մեր մարդկանց վտանգ չի սպառնում: Սակայն իմ ստեղծած աշխարհազորային ջոկատների համակարգի 3 ջոկատների 36 աշխարհազորայիններ հայտնվել էին 200 հոգանոց զինված շրջապատման մեջ եւ միայն հրաշքով էին կարողացել դիմադրություն ցույց տալ ու մասամբ փրկվել»,- հիշեց Հայրիկյանը եւ ավելացրեց, որ, անակնկալ շրջապատման մեջ հայտնվելով, 36 մարտիկներից 16-ը զոհվել են եւ մոտ տասը վիրավորվել: Պարույր Հայրիկյանի խոսքով, իր ստեղծած Սյունիքի աշխարհազորի կազմում որպես պահեստազոր 627 մարտիկներ կային: Նրանց առանձնահատկությունը այն է եղել, որ մնացած կռվողները, եթե հայկական բնակավայրում են կռվել, ապա նրանք հայկական բնակավայրերից լավագույն դեպքում հեռու 15 կմ հեռու են եղել: « Ընդհանուր թվով 47 հոգի զոհվել է Սյունիքի աշխարհազորից: Հենց սկզբից մենք պայմանավորվել էինք, որ երբեք չենք օգտագործելու «կռվող տղա» եզրույթը եւ այդ տարածքից ոչինչ չէր կարելի բերել Հայաստանի ուղղությամբ, բայց Հայաստանից ինչ ասես կարելի էր տանել: Նախագահի մակարդակով մեզ երաշխավորել էին, որ զբաղվելու ենք միայն բնակավայրերի ստեղծմամբ եւ տարածքը պահպանված է, այնինչ այդքան զոհ տվեցինք»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը:
Նա նշեց, որ այս ամենից հետո մի շատ կարեւոր բան պետք է հասկանանք, որ ցանկացած ժողովրդի համար ամենակարեւոր բանը խաղաղությունն է: «Ժողովուրդները երբեմն ստիպված են լինում խաղաղության համար կռվել: Մենք ինչ-որ չափով դա արել ենք: Մեր ժողովուրդը եւ միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների տեսանակյունից շատ շահեկան վիճակում է: Կարեւորը, որ մեր դիվանագիտությունը եւ մեր դիվանագետները աշխատեն»,- ասաց Պարույր Հայրիկյանը եւ հիշեցրեց, որ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված իր տարածքների 80 տոկոսը բոլշեւիկյան ռուսաստանի աջակցությամբ կորցրել է տալով Թուրքիային եւ Ադրբեջանին: Նա առաջարկեց, որ դա լինի մեր բոլոր դիվանագետների հիմնական խոսքը աշխարհի բոլոր ատյաններում ելույթների ժամանակ: հարցին՝ արդյո՞ք կարելի էր խուսափել այդքան զոհերից, որոնց մասին որոշ պաշտոնյաներ իրեն նախագուշացրել են, արձագանքեց. «Բոլորը ստում են: Ասողները բարձր մակարդակի սրիկաներ են, որվհետեւ հուլիսի 29-ի առավոտյան Լեւոն Տեր-Պետրոսյանին տալով ադրբեջանցիների նամակագրությունը՝ նրան հասկացրեցի, որ այն վայրերում որտեղ ադրբեջանցիները կորուստներ են տվել, փնտրում են: Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց, թե Վազգեն Սարգսյանը ասել է, որ այնտեղ 1000 զինվոր ունենք: Դուք պաշտպանված եք եւ զենքի անհրաժեշտություն էլ չունենք, ահավոր ջարդ էր լինելու: Ես Գերագույն խորհրդի կողմից էի պարետ նշանակվել: Ուրեմն ինչ-որ մի կիսատ-պռատություն ինձ պետք է ասեր՝ ես ինչ անեմ, բայց չէին էլ ասել: Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքը պետք է պարկեշտություն ունենար եւ ինքը պատասխաներ»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























