150 դրամ ուղեվարձի կողմնակիցները կանխամտածված կերպով հասարակությանը մոլորության մեջ էին գցում: Այս մասին հուլիսի 29-ին լրագրողներին է հայտարարել «Իրազեկված եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով` նման եղզրակացության ինքը հանգել է անձնական հանդիպումների արդյունքում: «Այդ մարդիկ ապացուցում էին, որ 150 դրամ սակագինն անխուսափելի է: Սակայն նրանց հետ խոսելուց հետո ես հասկանում էի, որ նրանք շատ լավ են պատկերացնում ուղեւորափոխադրման ամբողջ փուլի ինքնարժեքն ու կանխամտածված կերպով խեղաթյուրում են իրականությունը»,-ասել է Պիպոյանը: Ընդգծենք, որ 150 դրամի սակագնի օգտին փաստարկներ էին ներկայացնում Երեւանի քաղաքապետարանի եւ որոշ տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներ:
Նա հիշեցրել է, որ իր հաշվարկների համաձայն` երեւանյան ավտոբուսներում եւ երթուղայիններում ուղեւորափոխադրման ինքնարժեքը կազմում է 92 դրամ: «Ես բացահայտորեն ներկայացրել եմ իմ հաշվարկները` բոլոր հիմնավորումներով: Անհասկանելի է, թե ինչու այդ հաշվարկները չեն ընդունում այն մարդիկ, որոնք նստած են վերեւում: Կամ համենայն դեպս, նկաըի էլ չեն ունենում»,-եզրափակել է Պիպոյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Երեւանի քաղաքապետը կասեցրել էր իր որոշումը, որի համաձայն երեւանյան երթուղայինների եւ ավտոբուսների ուղեվարձը նախկին 100-ի փոխարեն դառնում է 150 դրամ: Դրան նպաստել էին գնալով մեծ մասշտաբներ ձեռք բերող բողոքի ակցիաները: Հարցի վերջնական որոշման համար քաղաքապետարանը ստեղծելու է աշխատանքային խումբ:





























