Մայրաքաղաքի տրանսպորտի վերաբերյալ մեր պահանջները զուտ հասարակական բնույթի են եւ քաղաքական ենթատեքստ չունեն: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, լրագրողներին հայտնել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Մեր կազմակերպությունը քաղաքական գնահատականներ չի տալիս: Կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի: Դա վերաբերում է նաեւ ակտիվիստներին: Նրանք պետք է պատրաստ լինեն, որ ոստիկանների հետ բախումների դեպքում ակցիայի մասնակիցների շարքերը կարող են նոսրանալ, քանի որ բոլորը չեն, որ կցանկանան իրենց վտանգի ենթարկել: Սակայն դա չի նշանակում, որ մենք դեմ ենք ակտիվիստների շարժումներին: Հակառակը, իրենց պայքարը հարգանքի է արժանի: Հասարակ երեւանցիների մարդասիրական վերաբերմունքը՝ մարդկանց անվճար տեղափոխելը, այսպես թե այնպես արդյունավետ եղավ», – ասել է Պիպոյանը:

Ըստ նրա` հարցի միայն սոցիալական կողմին վերաբերող պահանջներում, 100 դրամ սակագինը պահպանելու առումով, իր կազմակերպությունը հետեւողական է եւ պատրաստ է հարցը բարձրացնել ցանկացած ճակատով:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետաանի դիմաց անժամկետ նստացույցի մասնակիցները պահանջում են ոչ միայն բարելավել մայրաքաղաքի ուղեւորատար տրանսպորտի համակարգը, այլեւ պաշտոնից հեռացնել ուղեւափոխադրումների համար պատասխանատու անձանց: