ԱԻՄ նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով այսօրվա դատական նիստում Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել դատաքննությունը վերսկսելու մասին: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, դատարանը նշել է, որ տուժող Պարույր Հայրիկյանը հայցադիմում էր ներկայացրել հանցագործության հետեւանքով իրեն պատճառված վնասը հատուցելու պահանջով, որը, սակայն. ըստ էության չի քննարկվել:
Տուժող կողմը ճշտել է հայցադիմումում նշված հատուցման չափը՝ այն կազմում է 43 մլն 424 հազար դրամ՝ որպես հրազենային վնասվածքների ախտորոշման, բուժման ու վիրահատությունների ծախսերի հատուցման գումար: Տուժող կողմը միջնորդում է, որպեսզի այդ գումարը համապարտության կարգով բռնագանձվի բոլոր երեք ամբաստանյալներից՝ մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից, սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանից ու Սամվել Հարությունյանից: Վ.Սեդրակյանն առարկեց հայցադիմումի դեմ՝ այն որակելով որպես «մարդկային բանականությունից հեռու» պահանջ այն պատճառով, որ պետությունն արդեն հոգացել է այդ ծախսերը: Հայցադիմումը չեն ընդունել նաեւ մյուս երկու ամբաստանյալները:
Դատարանը մերժել է Վ.Սեդրակյանի միջնորդությունը իր հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու մասին՝ ըստ դատարանի, դեռեւս այդ որոշման հիմքերը պահպանվու մ են:
Դատարանը նորից հայտարարել է դատաքննության ավարտի մասին, գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը հրապարակել է մեղադրական ճառը:
Այսօր ամբաստանյալների ու տուժողի կողմնակիցների միջեւ արձանագրվել են լարվածության պոռթկումներ՝ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի դիտարկումը, թե բժիշկները կարող են բիզնեսի նկատառումներով պարբերաբար վիրահատություններ անել, արժանացել է Պ.Հայրիկյանի կողմնակիցների դժգոհություններին,ինչին Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը պատասխանել են հայհոյանքներով: Դատարանը ստիպված եղավ միջոցներ ձեռնարկել՝դատարանի դահլիճից հեռացնել Պ.Հայրիկյանի կողմնակիցներից մեկին, առժամանակ՝ նաեւ ամբաստանյալներին:




























