«Էկոլոգիական Անվտանգության Ապահովման եւ Ժողովրդավարության Զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆայել Ասրյանը դիմել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով կարեւորագույն մի խնդրի վրա:
«Կապանի տարածաշրջանում գործող Գեղանուշի պոչամբարը, որը ներկայումս շահագործվում է «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ (նախկին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ) կողմից, կառուցված է արդեն գոյություն ունեցող` հին պոչամբարի վրա: Այն շահագործման է հանձնվել 2007թ.-ին, եւ ընդամենը 3 տարի անց` 2010 թ.-ին, վթար է տեղի ունեցել, որի մասին նշված է նաեւ պետական փորձաքննության եզրակացության մեջ: Ինչպես փաստում է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հարցմանն ուղղված եզրակացությունը՝ Գեղանուշի պոչամբարի նոր ջրատարը կառուցվել է թերություններով եւ նախագծային շեղումներով: Դատարանի հարցումն առնչվում էր «Մրգաձոր» ՍՊԸ-ի կողմից «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ի դեմ ներկայացված հայցին: Նշենք, որ «Մրգաձոր» ՍՊԸ-ին պատկանող ավտոտեխսպասարկման կայանը՝ շենք-շինությունները եւ սարքավորումները, վնասվել են Գեղանուշ գետի հունից ջրերի արտահոսքի, հեղեղաջրերի հոսման ժամանակ հին ջրատարի ուղղահայաց բետոնյա պատերի փլուզման հետեւանքով, որն, ըստ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացության, նոր կառուցված արագահոս ջրատարի նախագծային լուծումներից շեղումներով կառուցման հետեւանք է: Նույն եզրակացության մեջ արձանագրված է, որ Գեղանուշի պոչամբարի շինարարությունն իրականացված է նախագծային փաստաթղթերին եւ առաջադրանքներին ոչ համապատասխան:
Այս ամենը հաշվի առնելով՝ ակնկալում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագիտական գնահատականը առկա խնդրի վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, նման պայմաններում Գեղանուշի պոչամբարի շահագործումն արդյո՞ք վտանգ չի սպառնում տարածաշրջանի բնակչության կյանքին ու առողջությանը եւ ի՞նչ ռիսկեր է պարունակում շրջակա միջավայրի համար»,- նշել է նամակի հեղինակը:




























