Կահիրեում «Մահմեդական եղբայրների» կողմնակիցների եւ  ոստիկանության միջեւ շաբաթ օրվա դաժան  բախումների զոհերի թիվը հասել է 80-ի: Այս մասին այսօր հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը: 

Արդեն սկսվել է Անհայտ զինվորի հուշարձանի մոտ կատարվածի քննությունը, քանի որ իսլամիստները մարդկանց սպանության մեջ մեղադրում են ուժայիններին, իսկ ՆԳՆ-ն կտրականապես հայտարարում է, որ զենք չի կիրառել բախումներ հրահրողների դեմ եւ բացառապես արցունքաբեր գազ է օգտագործել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախորդ  գիշեր  Ռաբիա ալ Ադաուիա մզկիթի մոտ հայտնաբերվել էին երեք մադու մարմիններ` կտտանքների հետքերով: Ըստ ականատեսների` իսլամիստները դաժան հաշվեհարդար էին տեսել նրանց հետ, ովքեր ցանկացել էին  կամավոր լքել  մզկիթի տարածքը:  Միայն վերջին մի քանի օրերին այդ թաղամասում հայտնաբերվել էր 11 դիակ:

Նախորդ գիշեր «եղբայրների» հարյուրավոր կողմնակիցներ փորձել էին երթ անցկացնել  մզկիթից դեպի Եգիպտոսի ռազմական հետախուզության գլխավոր գրասենյակ: Բանակն անմիջապես արձագանքել էր` հայտարարելով  ռազմական շինությունների մոտ որեւէ ցույց անցկացնելու արգելքի մասին եւ նախազգուշացրել, որ դաժանորեն կանխելու են ցուցարարների գործողությունները: Ադյունքում  իսլամիստները նորից վերադարձել էին Ռաբիա ալ Ադաուիա: