«Արմավիայի» չկայացած ուղեւորները հերքում են ընկերության այն պնդումները, թե ընկերությունը չիրականացված չվերթների համար տոմսերի վճարներ է կատարում:
Հրապարակումից հետո, ըստ որի «Արմավիա» ընկերությունը պարբերաբար վճարումներ է կատարում չիրականացված չվերթների վաճառված տոմսերի համար, NEWS.am-ի խմբագրություն են սկսել դիմել քաղաքացիներ, որոնք մինչ օրս որեւէ փոխհատուցում չեն ստացել: «Արմավիայից» տոմսեր գնած եւ դրանք չօգտագործած քաղաքացիների խոսքով՝ դրամարկղում իրենց հրաժարվում են վերադարձնել տոմսերի արժեքը, պնդելով, որ «փող չկա»:
Ընկերությունում պնդում են, որ ներկայումս տոմսերի համար վճարումներ են կատարվում, որոնք գնվել են ապրիլին, սակայն խմբագրություն են դիմել քաղաքացիներ, որոնք հենց այդ ժամանակ են տոմսեր գնել, բայց փոխհատուցում չեն ստացել:
Չիրականացված ավիատոմսերի գրանցումը կատարվում է Նալբանդյան-23 հասցեում գտնվող «Արմավիայի» ավիադրամարկղում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային փոխադրող «Արմավի» ընկերությունը այս տարվա ապրիլի 1-ին դադարեցրել է թռիչքների իրականացումը եւ հայտարարել սնանկացման գործընթաց սկսելու մասին:





























