Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել կանոնավոր ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երեւանի քաղաքապետի որոշման հետ կապված քննարկումներ կազմակերպելու նպատակով ձեւավորվող հանձնաժողովի աշխատանքներում շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչներին ներգրավելու ուղղությամբ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացման գործընթացի հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է ԶԼՄ-ներով եւ հնարավոր այլ միջոցներով իրազեկել հանրությանը հայտարարված մրցույթների եւ դրանց անցկացման վերաբերյալ:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Տարոն Մարգարյանը, անդրադառնալով շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող աշխատանքներին, հանձնարարել է, դրանց միասնական տեսքի ապահովման նպատակով, ակտիվացնել աշխատանքները շինհրապարակները համապատասխան պաստառներով եւ անհրաժեշտ այլ պարագաներով կահավորելու ուղղությամբ:
Ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված քաղաքաշինթյան եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերված ինքնակամ շինարարության 3 դեպքի մասով կազմվել են համապատասխան արձանագրություններ, իրականացվել են նաեւ 3 ապօրինի շինության քանդման աշխատանքներ:
Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր ավտոմայրուղու եւ Ուլենցի-Ռուբինյանց փողոցները կապող ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին անդրադառնալով՝ «Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ Իսակովի պողոտայում երթեւեկությունն Էջմիածին-Երեւան ուղղությամբ վերականգնվել է, առաջիկայում կբացվի նաեւ երկրորդ ուղղությունը: Ուլնեցի-Ռուբինյանց հատվածում էլ ավարտվել են ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները:
Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների եւ բակային տարածքների փոսանորոգման եւ ճաքալցման աշխատանքները: Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքների որակի եւ ժամկետների նկատմամբ քաղաքապետի հանձնարարությամբ սահմանված է խիստ հսկողություն:
Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել ուղետարների վերանորոգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ընթացիկ ասֆալտապատման աշխատանքներ իրականացված փողոցների, ինչպես նաեւ մայրաքաղաքի մշակութային, կրթական, առողջապահական հիմնարկների հարակից փողոցների գծանշման աշխատանքներ: Ըստ այդմ, գծանշվել են 33 դպրոցների հարակից հատվածներ, տեղադրվել է 50 նոր, վերարանորոգվել 16 ճանապարհային նշան: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ շարունակվող հսկողությանը՝ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հայտ է ներկայացվել ավտոբուսային երթուղիների մրցույթին մասնակցելու նպատակով:




























