Ադրբեջանցի ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլին պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին մեղադրում է իր նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, կայացել է հերթական դատական նիստը Ազգային խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլիի նկատմամբ հարձակման գործով: Ջաֆարլիի խոսքով` հետաքննությունը փորձում է իր նկատմամբ մահափորձը ներկայացնել որպես սովորական կոնֆլիկտ եւ դա ամրագրել դատարանի որոշմամբ, մինչդեռ իր նկատմամբ մահափորձը կազմկերպվել էր պաշտանության նախարար Սաֆար Աբիեւի եւ նրա թիմի կողմից:

«Իմ նկատմամբ կատարված հանցագործությունը կապված է իմ հասարակական-քաղաքական գործունեության հետ: Ոչ մի օբյեկտիվություն չի եղել որչ հետաքննության, ոչ էլ դատաքննության ժամանակ»,-հայտարարել է Ջաֆարլին: Իր գործի հետաքննությունը նա դիտարկում է որպես ճնշում Ազգային ճակատի վրա:

Ջաֆարլիի նկատմամբ մահափորձ էր իրականցվել ապրիլի 2-ին: Հարեւանների օգնությամբ նրան հաջողվել էր բռնել երկու հարձակվողներից մեկին եւ հանձնել ոստիկանությանը: Պարզվել էր, ձերբակալվածը պաշտպանության նախարարության սպա է: Մինչ այժմ ՊՆ-ն չի մեկնաբանել այդ փաստն ու իր սպայի գործունեությունը: