Երեւանի «Այրարատ» տոնավաճառի դիմաց 67 Ա երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»-ի վարորդ 33-ամյա Ալեքսան Ղազարյանին դանակահարած տղամարդը դեռ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Փորձեցինք տուժող վարորդից ճշտել, թե ինչ արտաքին տվյալներ է ունեցել դանակահարող տղամարդը, ինչին ի պատասխան Ալեքսան Ղազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մանրակրկիտ չի կարող նկարագրել: «Միայն կարող եմ ասել, որ մոտավորապես 40-45 տարեկան, նիհար-միհար տղա էր: Երբ կանգնած էինք, ֆիքսվել է մեջս նաեւ, որ ինձանից բարձրահասակ էր»,- ասաց Ալեքսան Ղազարյանը:
Ի դեպ, նա դեպքի օրը դեռ հիվանդանոցում մեր այցելությունից առաջ հարցաքննվում էր, սակայն այսօր նրան եւս հրավիրել են հարցաքննության:
Ինչ վերաբերում է իր առողջականին վարորդն ասաց, որ լավ է, բայց դեռ աշխատանքի չի կարող անցնել: «Բժիշկը ասում է, որ դեռ 15 օր պետք է ձեռքս անշարժ մնա: Իսկ երթուղայինը ոստիկանությունում է»,- ավելացրեց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ NEWS.am-ին հայտնի էր դարձել Երեւանի «Ռոսիա» տոնավաճառի դիմաց դանակահարված վարորդի ինքնությունը: Նա 33-ամյա Ալեքսան Ղազարյանն է, ում տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինքը՝ վարորդը, վիրահատությունից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ իր դիմադրության արդյունքում է, որ դանակի հարվածը թեւն է վնասել, հակառակ դեպքում ավելի լուրջ վնասվածք կստանար: Վարորդը պատմել էր, որ այդ ուղեւորը երթուղային է մտել Մալաթիա տոնավաճառի մոտից եւ զգացվել է, որ ալկոհոլի ազդեցության տակ է: Արդեն ավտոկայանի մոտ ասել է, որ 50 դրամը չի տալու:
«Ասացի. «Մի տուր, քեզանից ո՞վ է 50 դրամ ուզել, որ մի հատ էլ տաս կամ չտաս: Ուզում ես տուր, ուզում ես վաբշե մի տուր»: Դե խմած էր շարունակեց ու վերածեց կռվի: Ես պահանջեցի, որ իջնի, որովհետեւ անիմաստ տեղն էր կռիվ անում: Ասում էի մեքենայի մեջ կին կա, հաճելի չի»,- պատմել էր վարորդը՝ հավելելով, որ իրեն դանակահարող ուղեւորը պետք է «վստրեչ»-ի մոտ իջներ, բայց դանակահարելուց հետո նոր միայն Ռոսիայի կանգառից է փախել: Երբ Ալեքսան Ղազարյանը նկատել է, որ ուղեւորը դանակ է հանել, մի կողմ է քաշվել եւ փորձել է պաշտպանվել, սակայն ամեն դեպքում խորը հարված ստացել է, բայց թեւի շրջանում: Այդ պահին ուղեւորներն են օգնել, որ հասնի հիվանդանոց:





























