ԱԻՄ նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով այսօրվա դատական նիստում վերջինս գրավոր ներկայացրել է իր ճառը: Քանի որ դատարանում տուժող կողմի տեսակետներով հանդես է եկել Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը, Հայրիկյանը ստիպված է եղել իր ճառը ներկայացնել գրավոր, որը կցվել է գործի նյութերին:

Ստորեւ ներկայացնում ենք Հայրիկյանի ճառը, որը նա հրապարակել է Facebook-ի իր էջում.

«Հարգելի դատարան, Կատարվածին նայում եմ որպես մարդ, քաղաքացի եւ որպես ազգային-քաղաքական գործիչ։ Որպես մարդ ես սրտանց ցանկանում եմ այս գործով ամբաստանյալներին տեսնել ազատության մեջ՝ իրենց ընտանիքների հետ, իրենց հարազատների միջավայրում։ Այդ ցանկությունն այնքան մեծ է, որ մոռանում եմ, որ իրենց պատճառով ծանր ապրումներ ու տագնապներ ունեցան մերձավորներս, երեխաներս ու հազարավոր մարդիկ. անտեսում եմ, որ չեմ կարողանում գրել ոչ գրչով, ոչ համակարգչով եւ չեմ կարողանում ավարտին հասցնել այն, ինչ միայն ես կարող եմ գրել։ Խոսքը նախ եւ առաջ բազմահատոր հուշերիս մասին է։ Իմ եւ անկախության համար պայքարած ընկերներիս անցած ճանապարհի մատուցումը էականորեն կհարստացնի հայ, մանավանդ քաղաքական մշակույթը։

Որպէս պարզ քաղաքացի խնդրին անդրադառնալիս ես գիտակցում եմ, որ հանուն դրամի եւ ստրկամտության ինձ վրա, այդ կերպ Հայաստանի անկախության վրա կրակելու պատրաստ հազարավոր մարդիկ են այսօր ազատ գոյատեւում անկախ Հայաստանում, հետեւաբար, այսօրվա ամբաստանյալներն էլ կարող էին նրանց հետ լինել։ Մյուս կողմից՝ որպես ազգային քաղաքական գործիչ, հասկանում եմ, որ այսորակ մարդիկ ասպարեզ են գալիս մեր թողտվության եւ ներողամտության հետեւանքով։

Ես, նաեւ որպես քաղաքական գործիչ, տրամադրված էի այստեղ կոչ անել ամբաստանյալների հանդեպ ներողամտություն հանդես բերել, սակայն նրանք ինձ չեն տալիս այդ բարոյական իրավունքը։ Նրանք չեն ուզում ընդունել, որ այստեղ ու այսօր ասված ճշմարիտ խոսքն է ամենակարեւորը արդարադատության, իրենց նկատմամբ ներողամտության դրսեւորման, մեզ սպառնացող վտանգները կանխավ չեզոքացնելու, ի վերջո իրենց զավակների համար: Սա նրանց վերջին հնարավորություն էր, բայց նրանք ընտրեցին վատթարագույն ճանապարհը: Չէի կամենա չարագույժ բաներ ասել, բայց իրենց անվտանգությունից էր բխում նաեւ այն, որ հիմա մինչեւ վերջ ամեն բան պատմեին, այլապես նրանք իրենց իմացած-չասածով մշտապես վտանգավոր են համարվելու գլխավոր պատվիրատուի համար, իր բոլոր հետեւանքներով․․․

Առերեսման ժամանակ զղջումից խոսող եւ որպես դրա ապացույց իր անկեղծ ու ճշմարիտ խոստովանություններով քննությանը օգնել խոստացող ամբաստանյալը, բազմաթիվ մանրամասնություններ պատմելուց, ներկայացնելուց հետո, դատարանում փոխում է իր ցուցմունքները։

Այսինքն՝ նա ստու՞մ էր զղջալու մասին խոսելիս եւ առիթի դեպքում պատրաստ է եւս մէկ անգամ կրկնել իր արածը։ Նման իրավիճակում ամեն ոք ձեռնպահ կմնար ներողամտության կոչ անել։

Ունենք պատվիրատու, ով անկասկած, ուղղորդող է ունեցել՝ գլխավոր պատվիրատու։ Կարելի էր ենթադրել, որ գլխավոր պատվիրատուն զուտ հոգեբանորեն է ազդել որպես ամբաստանյալ ներկայացող պատվիրատուի վրա, եթե չլիներ պատահականորեն բացահայտված՝ Ռուսաստանից ստացված 100 հազար դոլարի փոխանցումը։ Պետք է արժանին մատուցել նախաքննության մարմիններին այդ փաստը բացահայտելու առիթով, բայց եւ զարմանալ, որ նաեւ Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ քայլեր չեն ձեռնարկվել՝ ահաբեկչությունը նախաձեռնողներին բացահայտելու եւ վնասազերծելու ուղղությամբ։

Թեեւ Ռուսաստանի պետական համակարգը գերհագեցած է բոլշեւիկյան տեռորիզմի ոգով դաստիարակված կադրերով, բայց Եվրոպայի խորհրդի անդամ Ռուսաստանը տեռորիստական պետություն չէ եւ ցավալի է, որ հայ իրավապահները չկարողացան իրենց պաշտոնակիցների հետ հանցագործության բացահայտման գործն ավարտին հասցնել։ Այսօր դատարանի առջեւ կանգնած միջնորդ պատվիրատուն այն աստիճանի էր խանդավառված իր չակերտավոր պատմական առաքելութվամբ, որ մինչեւ կալանավորումը ինքնախոստովանական հայտարարություններ էր անում, մասնավորապես՝ «իմ ավտոմեքենան ավելի թանկ արժե, քան Հայրիկյանը»:

Սա ասվում էր մի իրավիճակում, երբ հանցագործության մասնակիցն իսկապես մեկ այլ ամբաստանյալից գնել էր մեքենան՝ առանց դրամ վճարելու։ Բայց ես այս որակի փաստարկների մեջ չեմ խորանա։

Ինձ եւ կարծում եմ՝ բոլորին, հետաքրքրում է մէկ այլ բան. Այդ ինչպե՞ս է, որ այսպիսի ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձը առերես իրեն մեղադրող երկու կատարողներին չի հակառակվել, իր ընկերներին, իր նախկին գործավորներին չի մեղադրել ապերախտության մէջ, չի կշտամբել ստախոսության համար, այլ ընդամենը խոսել է ցուցմունք չտալու մարտավարություն որդեգրելու մասին:

Ամբաստանյալները ոչ միայն չեն զղջացել ու չփորձեցին աջակցել գործի բացահայտմանը գոնռ իրենց հայտնի չափով, այլ ընդհակառակը սկզբից մինչեւ վերջ փորձեցին խանգարել եւ ավելին՝ անհայտության մեջ թողնել գլխավոր պատվիրատուին։

Հարգելի դատարան, ամբաստանյալը կարող է հրաժարվել ցուցմունք տալ, բայց երբ նախագահի նախկին թեկնածուն իր հայտարարագրում թաքցրել է փաստեր, որոնք օրենքով պարտավոր էր ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ նրա միջոցով Հայաստանի քաղաքացիներին ու պետությանը, ստիպված ես մտածել: Մարդիկ սովորաբար թաքցնում են հանցավորն ու անօրինականը: Երբ մենք տեղեկացանք, որ հանցագործության միջնորդ պատվիրատուին պաշտպանելու նպատակով սպառնում են շահարկել նրա նախագահի թեկնածու եղած լինելու հանգամանքը, համարեցինք, որ մեզ կոչ է արվում ստուգել, թէ որքանով է իրականում նախագահի նախկին թեկնածուն կատարել թեկնածուի պարտականությունները։

Եւ կանգնեցինք փաստի առաջ․ նա չի ներկայացրել 2012 թ․ նոյեմբերին 100 000 դոլար ստացած լինելու հանգամանքը։ Դա նշանակում է, որ այդ գումարը մաքուր չի եղել եւ բնականաբար, մաքուր նպատակների չէր ծառայելու։

Հարգելի դատարան, մենք բացառիկ իրողության առջեւ ենք կանգնած։ Կատարվել է ծանր հանցագործություն եւ չնայած նախաքննության մարմինը ճիշտ որակավորում է տվել հանցագործությանը, սակայն չի մատնանշել դրդապատճառները, շարժառիթներն ու նպատակադրումները։ Եթե մինչեւ դատավարությունը գործի նյութերում գոնե նյութապես շահագրգռող պատվիրատու էր ընդգծվում, ապա դատաքննության ընթացքում ամբաստանյալներն, անտարակույս, իրենց՝ գործի պատվիրատուների հանձնարարությամբ փորձ արեցին ամեն ինչ տեղափոխել պարզունակ կենցաղային հարթություն: Ես կատարվածն ուռճացնելու ցանկություն չունեմ, բայց եւ քաջ գիտակցում եմ, որ գործ ունենք լայնածավալ՝ քարոզչական եւ հոգեբանական տեսակետից լրջորեն նախապատրաստված եւ անգամ այս փուլում աջակցությամբ ուղեկցվող հանցագործության հետ:

Ես տարակոյս չունեմ, որ մահափորձն իմ անձի դեմ էր ուղղված, բայց ծրագրված ավարտն ունենալու դեպքում այն անկանխատեսելի հետեւանքներ էր ունենալու նաեւ մեր պետության՝ բոլորիս համար: Համաձայն Սահմանադրության՝ հետեւելու էին նոր ընտրություններ նոր մթնոլորտում նոր թեկնածուների առաջադրմամբ… եւ պատահական չէ, որ երբ ես հրաժարվեցի հունվարի 31-ի կազմակերպիչների այդքան ցանկալի գոնե երկու շաբաթով ընտրաժամկետը հետաձգելու հնարաւորությունից, որոշ շրջանակներ իրենց հուզական դրսեւորումներով չկարողացան թաքցնել իրենց ձախողումից բխող դժգոհությունը: Բոլոր դարերում Հայաստանի թշնամիները առաջնահերթ նպատակ են համարել մեզ վախեցնելը: Ամբաստանյալները մի հարցում՝ վախեցնել, ճիշտ են: Նրանց ուղղորդողները կամենում էին վախեցնել եւ վախի մեջ պահել, բայց ոչ թե ինձ, այլ Հայաստանի քաղաքացիներին:

Վերջին ժամանակների իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանին պատերազմով սպառնացողին զանգվածային ոչնչացման զենք վաճառողին եւ Հայաստանի քաղաքացիներին հարստահարողին արդարացնող, վախեցած հայաստանցիներ են պետք «բարեկամին»: Հայրիկյանի մահվան դեպքում մթնոլորտը պիտի հագեցած լիներ համատարած վախով՝ չխոսենք ռուսական իմպերիալիզմից՝ Հայրիկյանի օրը կգցեն: Եթե ես մոռանայի մեր պետության մասին ու տրվեի ահաբեկիչների խաղին ՝ նկատի ունեմ ոչ թէ ամբաստանյալների այլ նրանց ղեկավարների խաղը, ապա մենք թերեւս այսօր նոր նախագահով գազի գների աճի հետեւանքները մեկ երկու տարով նվզեցնելու պատրվակով Հայաստանի ունեցվածքի, դրա հետ նաեւ ինքնիշխանության էլի մի մասը օտար պետությանը տալու «հայրենասիրական» գործընթացում լինեինք։

Նախագահական ընտրությունների ընթացքում ռուսաստանյան որոշ շրջանակներ լայն շրջանառության մէջ էին դրել զրպարտչական հակահայկական նյութեր, որոնց հիմնական թիրախը նախագահի թեկնածու Հայրիկյանն էր։ Թերեւս տեղյակ լինելով, որ իմ վարկանիշն օրեցօր աճում է, եւ համոզված լինելով, որ մեր տարածած քարոզչանյութերի՝ մասնավորապէս «ՆՈՐՕՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄՈՌԱՑՎՈՂ ԷՋԵՐԻՑ» շարժանկարի շնորհիվ ես դառնալու եմ հիմնական թեկնածուն, այդ շրջանակները Հայաստանի քաղաքացիներին ուղղակիորեն եւ անուղղակիորեն ահաբեկելու նպատակով գրում էին․

«Ռուսաստանը եւ Մոսկվան իրավունք ունեն Հայաստանի նորընտիր նախագահի պաշտոնաստանձնման ժամանակ Երեւանից պահանջել․․․ եւ կախուած այն բանից՝ Հայաստանը ներողություն կխնդրի, թե՝ ոչ, կառուցել երկրների միջեւ հետագա հարաբերությունները։ Ռուսաստանը Հայաստանի եւ իր տարածքում հայկական սփյուռքի գործարար շրջանակների վրա ազդելու բավարար լծակներ ունի․․․»։

2013 թուականի հունվարին գրել է Օլեգ Կուզնեցովը։ Ինձ ներկայացնելով որպես հայկական տեռորիզմի կնքահայր ռուսական շովենիզմի խոսնակ Օլեգ Կուզնեցովը իր «1977 ԹՎԱԿԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ» հոդվածում (No: Denlit, 2(1956) Date: 11.02.2013) իրեն իրավունք է վերապահում միջամտել Հայաստանի ներքին գործերին եւ վախեցնել Հայրիկյանի նախագահ դառնալու դեպքում հայ ժողովրդին սպառնացող վտանգներով։

«Պարույր Հայրիկյանի նախագահ ընտրվելը․․․ հարցականի տակ կդնի ռուս-հայկական ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա պահպանումը․․․ Բացի այդ, ընտրությունների նման ելքը Ադրբեջանի ձեռքը լրացուցիչ հաղթաթուղթ կտա՝ Արցախի հողերը վերադարձնելու գաղափարախոսական եւ դիվանագիտական պայքարում. քանի որ կշեշտվի, որ Հայաստանի նախագահ է դարձել Անդրկովկասի նորագույն քաղաքական պատմության մէջ ամենաառաջին հայ ահաբեկիչների նախկին գաղափարական ոգեշնչողը․․․Հայրիկյանին նախագահ ընտրելը․․․ Հայաստանի համար ․․․վատագույն արդյունքը կլինի, նրա կամավոր ինքնասպանությունը միջազգային հանրության առջեւ։ Պարույր Հայրիկյանը երբեք չի դառնա Նելսոն Մանդելա կամ Յասեր Արաֆաթ․․․ Միլիոնավոր մարդկանց գիտակցության մէջ նա այդպես էլ կմնա քաղաքական ահաբեկչության եւ ազգայնական ծայրահեղականության գաղափարախոս, մի բան, որ Ռուսաստանում խորապես չեն սիրում»։

Հարգելի դատարան, ես կամենում եմ որ արձանագրվի, թէ ովքեր են կատարված հանցագործության գաղափարական հովանավորները։ Այս որակի զրպարտություն իմ հասցեին որեւէ մեկը նոյնիսկ ինձ բռնադատող «կագեբե»-ն թույլ չի տվել, եւ ես ծրագրում եմ դիմել ՌԴ-ի դատախազություն Օլեգ Կուզնեցովին եւ նրա հոդվածը հրատարակած «Զավտրա» հանդեսին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Ես դեռ ԽՍՀՄ տարիներին միջազգայնորեն ճանաչված եմ եղել որպես Սովետական Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր եւ առաջնորդ, ավելին՝ դեմոկրատական ուժերի համակարգիչ կենտրոնի միակ ընտրված նախագահն եմ եղել։ Այդ կենտրոնի աշխատանքներին մասնակցում էին վրացի, ադրբեջանցի, ուկրաինացի, եւ մյուս ազգերի, մասնավորապես ռուսների բոլոր հայտնի այլախոհները՝ Վլադիմիր Բուկովսկին, Էդուարդ Կուզնեցովը , Անատոլի Կորյագինը, Յարիմ Ագայեւը, Իրինա Ռապուչինսկայան։

Նույն 12 էջանոց շովինիստական հոդվածում ասւում է․

«Ըստ էության․․․ հայկական ազգային ահաբեկչությունը․․․ ոգեշնչող օրինակ դարձավ իսլամական ծայրահեղության եւ դրա հողի վրա աճած կրոնական ահաբեկչության համար։

Ես չեմ կարող եւ չեմ ուզում մեղադրել հայերին այն բանի համար, որ նրանք որպես ազգային հերոսներ ահաբեկիչների ու մարդասպանների են ընտրում ․․․

Եւ վերջինը. փետրվարի 18-ին Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնցում պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդներից մեկը Պարույր Հայրիկյանն է լինելու․․․

Հայաստանի ժողովուրդը, նախագահական ընտրությունների շեմին, պետք է ինքն իրեն հաշիվ տա, թէ ում օգտին կքվեարկի փետրվարի 18-ին»։

Հարգելի դատարան, կարծում եմ ամեն ոք կհամաձայնի, որ այս բնույթի հրապարակումը, այն էլ Մոսկվայում, անթույլատրելի էր եւ ստալինյան ոճի հանձնարարական էր հիշեցնում։ Անթույլատրելի էր նաեւ «կագեբե»-ի գեներալ գնդապետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունն առ այն, թէ դեռ պետք է պարզել մահափորձ եղել է Հայրիկյանի հանդեպ, թէ՝ ոչ։ Դա մանավանդ չգաղտնազերծված գործակալական ցանցի կողմից ընկալվեց որպես հրաման եւ հայկական մամուլը հեղեղվեց մահափորձը կասկածի տակ վերցնող հրապարակումներով։ Նույնը շարունակվեց դատարանում, երբ հանցագործության հետ կապ չունենալու մասին հայտարարությունը մոռանալով, ընդհանրապես հանցագործությունն էին կասկածի տակ դնում։

Ավարտելով խոսքս, ուզում եմ անդրադառնալ նաեւ հանցագործության պատճառած վնասը փոխհատուցելու օրենքի պահանջին։

Այո, ոչ թե տուժողի ընկերներն ու բարեկամները, ոչ թե ինքը տուժողը եւ պետությունը, այլ վնաս պատճառողը պետք է փոխհատուցի իր պատճառած վնասը։ Օրենքի պահանջից հուզվելն իրավաբանին վայել չէ, մանավանդ որ դրամից ավելի մտահոգիչ ու հուզումնալի է մարդու երկարատեւ ազատազրկման հեռանկարը։

Ինչ վերաբերում է փոխհատուցման ծավալին, ապա ծանոթանալով եվրոպական եւ միջազգային փորձառությանը, ես համոզվեցի, որ մեր կողմից ավելի քան համեստ պահանջ է ներկայացված։ Ես պատրաստ եմ դիմել մեր երկնային Տիրոջն ու կրկնել՝ Տեր, ներիր այս մադկանց, որովհետեւ չէին հասկանում, թէ ինչ են անում, բայց այսօր հարգելի դատարանին դիմելիս ստիպված եմ արձանագրել՝ չէին հասկանում եւ չեն էլ ուզում հասկանալ, ուստի իրենք կատարել են իրենց ընտրությունը»։