Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների դեպքի ամբողջական տեսանյութը հրապարակելու 2 տարբերակ կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված, գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը: 

Նրա խոսքով՝ երբ նախաքննությունն ավարտվի, այն ժամանակ դա կհայտնվի իրենց ձեռքում եւ այլեւս թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չեն ունենա: «Կամ մինչեւ նախաքննության ավարտը դա կարող է լինել միայն նախաքննական մարմնի թույլտվությամբ: Մեզ հիմա միայն այդ թույլտվության բացակայությունն է խոչընդոտում»,- ասաց Հայկ Ալումյանը եւ ավելացրեց, որ առայժմ այդ տեսանյութը գտնվում է փորձաքննության փուլում:

Դիտարկմանը, թե մտավախություն չունե՞ն, որ սա կդասվի այն գործերի շարքին, որոնց նախաքննությունը տարիներով չի ավարտվում, նա արձագանքեց. «Չէ, նման մտավախություն չունեմ: Համենայնդեպս տարիների հարց չի»:

Նշենք, որ Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը: Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Նրանց շահերը կպաշտպանեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին  Զիլֆուղարյանը:

Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: