«Հրապարակը» գրում է, թե Վահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո թիվ 38 ընտրատարածքում թափուր մնացած տեղի համար ընտրությունները կկայանան սեպտեմբերի 29-ին, սակայն թեկնածուների հարցում դեռ անորոշություն է:
Համենայնդեպս, ՀՀԿ-ում սպասում են, որ Սերժ Սարգսյանը վերադառնա արձակուրդից ու որոշում կայացնի: Այս պահին տալիս են միայն նորաթուխ մարզպետի հորեղբորորդու՝ Առնոլդ Հակոբյանի անունը: Ասում են, որ Վահեն եւ նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը, այդպես են ցանկանում: «Սուտ-սուտ բաների մասին ինձ մի հարցրեք»,- երեկ մեր լրագրողի հարցին ի պատասխան՝ հայտարարել է քաղաքական թեմաներից խոսել հրաժարվող Մաքսիմ Հակոբյանը:
Ինչ վերաբերում է քաղաքական մնացյալ ուժերին, ապա դաշնակցականները, ըստ լուրերի, պատրաստվում են առաջադրել Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ն դեռ որոշում չունի՝ քննարկում է հարցը: «Ժառանգությունն» էլ, ամենայն հավանականությամբ, Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը կառաջադրի: Ասում են՝ թե Զարուհին է սիրում Սյունիքը, թե սյունեցիները՝ նրան:





























