Աբովյան 3 շենքի սեփականատեր Վլադիմիր Բեջանյանը վստահ է, որ իրեն ցանկանում են վնասել: «Ա1+»-ի փոխանցմամբ, Նախկին «Ալեն-էլեն» ակումբի սեփականատերն օրերս մարմնական վնասվածքներ է ստացել՝ հարեւանությամբ ընթացող շինարարության հետեւանքով եւ տեղափոխվել հիվանդանոց։
«Վերեւից մոտավորապես 30 մետր բարձրությունից թափվում է բետոնը։ Իմ բախտից բետոնն ուղղակի թափվում է, ոչ թե իմ գլխին, այլ կես մետր հեռավորության վրա»,-նշեց Վլադիմիր Բեջանյանը։
Բեջանյանը հարվածից վայր է ընկել, ստացել է ողնաշարի սալջարդ եւ ուղեղի ցնցում։ Նրա խոսքերով, շինարարերին հստակ հանձնարարություն է տրված եղել՝ իրեն վնասելու համար, քանի որ արդեն 1.5 տարի է պայքարում է որպեսզի դադարեցվի «ԱՕՔՍ»-ի ետնամասում կատարվող շինարարությունը։ Վերջինս հայտնել է, որ այդ շինարարությունն իրականացնում է գործարար Սամվել Մայրապետյանը:
Տեղի ունեցածը Վլադիմիր Բեջանյանը համարել է հանցագործություն եւ հաղորդում ներկայացրել ոստիկանություն։ Դեպքի պատճառներն ուսումնասիրվում են։





























