Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրանսպորտի հարցերով խորհրդական Ալբերտ Գեւորգյանին հանձնարարել է առաջիկա շաբաթվա ընթացքում ստեղծել հանձնաժողով՝ այդ մասին կանխավ տեղեկացնելով Երեւան քաղաքի ավագանու անդամներին, քաղաքացիական ակտիվիստներին ու հասարակության բոլոր շահագրգիռ անդամներին, այնուհետեւ՝ հայտ ներկայացրածներին ընդգրկել դրա կազմում:

Խորհրդակցության ժամանակ որեւէ պարզաբանում չի հնչել այն մասին, թե ինչ նպատակով է ստեղծվելու հանձնաժողովը: Այդ առիթով ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետին՝ խնդրելով  պարզաբանել.

1. «Ի՞նչ կարգավիճակ եւ ի՞նչ լիազորություններ է ունենալու այդ հանձնաժողովը,

2. Ձեր կողմից ի՞նչ խնդիրներ են դրված նրա առջեւ,

3. իրավասո՞ւ է արդյոք հանձնաժողովն ինքնուրույնաբար սահմանել խնդիրների շրջանակը, թե՞ դրանք պարտադրվելու են Ձեր կողմից,  

4. ի՞նչ կարգավիճակ են ունենալու հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունները եւ ո՞ւմ են ուղղված լինելու դրանք,

5. որքանո՞վ է այդ հանձնաժողովն իրավասու որոշումներ կայացնել ուղեվարձի սահմանման կամ հաստատման հարցերում, երբ Երեւանի ավագանին՝ իբրեւ Երեւանում ՏԻՄ բարձրագույն մարմին, զրկված է այդպիսի լիազորությունից»: