Մարմարի ծովում այսօր՝ հուլիսի 30-ին, 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Թուրքիայի տարերային աղետների եւ արտակարգ իրավիճակների դեպարտամենտը (AFAD):
Գերատեսչության տվյալներով՝ Մարմարի ծովում 2,5-5,3 մագնիտուդ հզորությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Ստամբուլի անմիջական հարեւանությամբ, էպիկենտրոնը՝ Գեքչայեդում: Լրատվամիջոցները հայտնում են, որ ցնցումներն զգացվել են Ստամբուլում, սակայն զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում:
«Այս երկրաշարժի մեջ ոչ մի առանձնահատուկ բան չկա: Մարմարի ծովում երկրաշարժը սովորական բան է: Հնարավոր է՝ առաջիկայում նոր ցնցումներ գրանցվեն», -TGRT-ին հայտարարել է սեյսմոլոգ, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Շերիֆ Բարըշը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Թուրքական տարածքի զգալի մասը սեյսմիկ առումով վտանգավոր շրջաններում է: Թուրքիայում երկու ամենաուժեղ երկրաշարժերը գրանցվել էին 1999թ.՝ 17 հազարից ավելի կյանք խլելով: Վերջին խոշոր երկրաշարժը 2011թ. Վան նահանգում տեղի ունեցածն էր, որի հետեւանքով ավելի քան 600 մարդ էր զոհվել:





























