Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակված 2012թ. արտաքին առեւտրի մասին զեկույցի տվյալներով՝ 2012թ. ֆիզիկական անձանց մասնաբաժինը երկրի արտահանման գործում կազմել է 0,9%, ներկրման գործում՝ 4,3%:
Նախորդ տարի ընդհանուր ներկրումն արտահանմանը գերազանցել էր 3,1 անգամ, իսկ ֆիզիկական անձանց մասով՝ 14,7 անգամ: Այդ շրջանում ֆիզիկական անձանց մասնաբաժինը երկրի արտաքին առեւտրի բացասական սալդոյի ձեւավորման հարցում կազմել էր 6,0%:
Հայաստանում ներկրման ծավալը նախորդ տարի կազմել էր 4261,2 մլն դոլար, որից 184,9 մլն-ը՝ ֆիզիկական անձանց հաշվին:
Ֆիզիկական անձանց ներկրած ապրանքների տեսականին բավական ընդգրկուն է, բայց ճնշող մեծամասնությունը (86% նախորդ տարում) թեթեւ մարդատար ավտոմեքենաներն են կազմում:
Նախորդ տարի Հայաստան է ներկրվել 31,8 հազ. թեթեւ մարդատար ավտոմեքենա, որից 70%-ից ավելին՝ ֆիզիկական անձանց կողմից:
Տվյալների համաձայն՝ նախորդ տարի ներկրված մեքենաների մոտ 60 տոկոսը Գերմանիայից է բերվել, մեծ տարբերությամբ հաջորդում է Ճապոնիան՝ 17,6%-ով: Երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 6,3%-ից նվազ ցուցանիշով, ԱՄՆ-ն՝ 3,8% ցուցանիշով: Մնացած մեքենաները ներկրվել են ամենատարբեր երկրներից՝ Ավստրալիայից (12 հատ), մինչեւ Մեքսիկա (406 հատ):
Մաքսային գնի առումով ամենաթանկարժեք մեքենաները Բելգիայից են ներկրվել (միջինը 31հազ. դոլար), ամենաէժանները՝ Ռուսաստանից (4,6 հազ. դոլար) եւ Գերմանիայից (4,9 հազ. դոլար): Մաքսազերծումից հետո գները գրեթե մեկ երրորդով ավելացել են:





























