«Ալեն-էլեն» ակումբի նախկին սեփականատեր, Աբովյան 3 շենքի սեփականատեր Վլադիմիր Բեջանյան հինգշաբթի օրը վնասվածքներ է ստացել եւ կասկածներ ունի, որ դա պատահականություն չէ: Մոտավորապես 30 մետր բարձրությունից բետոնի մեծ կտորները թափվել են նրանից կես մետր հեռավորության վրա եւ վնասել Բեջանյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Վլադիմիր Բեջանյանը, ով վայր է ընկել ստանալով ուղեղի ցնցում եւ ողնաշարի սալջարդ:
«Բարեբախտաբար ես ողջ եմ, բարեբախտաբար վնասվածքները թույլ են»,-ասաց նա: Հարցին, թե ինչո՞ւ է կարծում, որ կատարվածը պատահականություն չի եղել, նա պատասխանեց. «Արդեն մեկ տարվա դատական գործընթաց է ընթանում, որոնք ապացուցում են, որ Սամվել Մայրապետյանը Հայաստանի տերն է: Պայքարում եմ որպեսզի դադարեցվի «ԱՕՔՍ»-ի հետնամասում կատարվող շինարարությունը։ Իսկ այդ շինարարությունն իրականացնում է գործարար Սամվել Մայրապետյանը: Ես 100 տոկոսով չեմ կարող պնդել, որ դա մահափորձ է, բայց, որ իրավունք ունեմ պնդելու, որ ինքը ուրախ կլիներ, եթե ես չլինեի, դա միանշանակ է»,- նշեց Վլադիմիր Բեջանյանը:
Նա հանցագործության մասին հաղորդում է տվել: Հանգամանքներն ուսումնասիրվում են:





























