2013 թ. ընթացքում հայաստանյան բուժհիմնարկները կտրուկ ավելացրել են հարկերի վճարումը: Բուժհիմնարկներից 15-ը 2013 թ. առաջին կիսամյակի տվյալներով հայտնվել են 500 խոշոր հարկատուների ցուցակում, այնինչ նախորդ տարվա առաջին կիսամյակի տվյալներով` նման բուժհիմնարկների թիվը 5-ն էր:

Խոշորագույն հարկատու բուժհիմնարկը, ինչպես եւ նախորդ տարի, «Էրեբունի» բժշկակակ կենտրոնն է` վճարել է 540 մլն դրամ եւ 112-րդ հորիզոնականում է: Նախորդ տարվա համեմատ այս հիվանդանուցը 2 անգամ ավելի հարկ է վճարել:

Երկրորդ տեղում Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնն է` վճարել է 310 մլն դրամ եւ 179-րդ տեղում է: Այս հիվանդանոցն անցյալ տարի վճարել էր ընդամենը 83 մլն դրամ: Այսինքն` համարյա 4 անգամ ավելացրել է հարկերի վճարումը:

Երրորդ տեղում հայտնվել է Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտը` վճարել է 206 մլն դրամ եւ 256-րդ տեղում է: Այս հիվանդանոցն անցյալ տարի վճարել էր 135 մլն դրամ:

«Արաբկիր» բժշկական համալիրը վճարել է 204 մլն դրամ եւ 260-րդ տեղում է: Նախորդ տարի վճարել էին 148 մլն դրամ:

«Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնն» այս տարի վճարել է 186 մլն դրամ եւ 287-րդ տեղում է: Անցյալ տարի վճարել էին ընդամենը 55 մլն դրամ, այսինքն` 5.5 անգամ ավելացրել են հարկերի վճարումը:

Խոշոր հարկատուներ են նաեւ ուռուցքաբանության ազգային կենտրոնը` 171 մլն դրամ եւ 315-րդ տեղ, Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը` 160 մլն դրամ եւ 335-րդ տեղ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնը` 134 մլն դրամ եւ 393-րդ տեղ, «Շտապբուժօգնությունը»` 124 մլն դրամ եւ 426-րդ տեղ, «Նաիրի» բժշկական կենտրոնը` 124 մլն դրամ եւ 427-րդ տեղ: Բոլոր այս բուժհաստատություններն էապես ավելացրել են հարկերի վճարումը, իսկ «Նաիրի» հիվանդանոցն անցյալ տարի նույնիսկ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկար: