Մորը սպանած Հացիկ գյուղի բնակիչ 37-ամյա Վարդան Ստեփանյանը մորը սպանելուց առաջ գտնվել է սպիտակ տենդի մեջ, եւ մահվանից առաջ մայրը հարեւաններին պատմել է, թե որդին ինչ առանձնակի դաժանությամբ է իրեն ծեծի ենթարկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրանց համագյուղացիները:
Վարդան Ստեփանյանի կինն ամուսնու հարբեցողության պատճառով նրանից հեռացել է եւ բնակվում է Մեծամորում իր տղայի հետ: Ըստ համագյուղացիների՝ Ստեփանյանը, գիշերը հարբած վիճակով գնալով տուն, ծեծել է մորը, այնուհետեւ նստեցրել է տաշտակի մեջ ու ոտքերով, ձեռքերով ծեծել եւ, երբ մայրը արնահոսել է, նրա վրա ջուր է լցրել ու կրկին շարունակել ծեծը: Մորը ուժասպառ վիճակով տեսնելով՝ նա փախել է տանից: Մայրը, իր մեջ ուժ հավաքելով, մի կերպ հասել է հարեւանի տուն եւ պատմել կատարվածի մասին: Ինչից հետո հարեւանի հարսը դիմել է ոստիկանություն ու ծեծված կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Բայց ցավոք 77-ամյա կնոջ կյանքը փրկել չի հաջողվել:
Հարեւանների պատմելով՝ նախկինում նույն դաժանությամբ տղան կնոջն է ծեծել եւ ոստիկանությունում մի քանի հաղորդում են տվել:
Ավելի վաղ նրանց համագյուղացիները NEWS.am-ին հայտնել էին, որ մահացածին ծեծի է ենթարկել որդին` 37-ամյա Վարդան Ստեփանյանը: Նա ամուսնալուծված է եւ թուլություն ունի խմիչքի նկատմամբ: Հացիկի գյուղապետ Արթուր Եղիազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը եւ ասել, որ նա մորը ծեծելուց հետո փախուստի է դիմել, եւ համագյուղացիներն ու ոստիկանները փնտրում են նրան: Մահացածն ունի նաեւ 2 աղջիկ, ովքեր ամուսնացած են: « Տղան ընթացքում խմում էր, որի համար կինը երկու երեխաների հետ առանձին է ապրում: Մեկ-մեկ էլի է մորը ծեծել, բայ հարեւանները պատմում են, որ երբ քննիչները եկել են, մայրը թեւերը փռել է որդու վրա»,- պատմել է գյուղապետը՝ հավելելով, որ երբ տղան չի խմել, օրը մինչեւ 20 հազար դրամ աշխատել է` գյուղում խոտ էին բարձում, իսկ երբ խմել է, մոր թոշակի հույսին է մնացել: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Ստեփանյանին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:





























