Օրերս Վանաձորի ավագանու նիստի օրակարգում «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցն էր: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Այն ՏԻՄ քննարկման առարկա դարձավ մեր` «Մշտական գործող ՍՊԸ` Վանաձորի քաղաքապետարանում» վերտառությամբ հրապարակումից հետո, որտեղ լրագրողը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից փորձել էր պարզել, թե ինչ հիմունքով է քաղաքապետարանի շենքի 4-րդ հարկում` ճարտարապետության բաժնին կից, բավականին մեծ` 50.7 քմ մակերեսով տարածքն օգտագործվում ճարտարապետաշինարարական նախագծման աշխատանքներով զբաղվող մասնավոր ընկերության` «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից: Քաղաքապետը պատասխանել էր, թե տարածքը վարձակալությամբ է տրվում ընկերությանը: Հարցին` իսկ երբվանի՞ց է այդ մասնավոր ընկերությունը «վարձակալությամբ» տարածք զբաղեցնում քաղաքապետարանում, Դարբինյանն անկեղծացել էր. «Շատ շուտվանից էդ հիմնարկը կա, ինչ քաղաքապետարանը ստեղծվել ա, էդ օրվանից: Դրանք դեռ նախկին Քաղսովետի ժամանակ էլ էստեղ են եղել»:
Փաստորեն 22 տարի է (91 թվականից` քաղաքապետարանի հիմնադրման պահից)՝ այս մասնավոր հիմնարկը գործում է քաղաքապետարանում, որից 13 տարի` քաղաքապետ Դարբինյանի թույլտվությամբ: Քաղաքապետարանի բոլոր պատվերները կատարող ՍՊԸ-ի համար միայն անցյալ տարի է մրցույթ անցկացվել` նրա գործունեությունը փաստաթղթերով բերելով օրինական դաշտ: Իսկ տարածքը օրինական վարձակալվել է ընդամենը 3 տարի` 2005-2008 թթ...»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























