Հայաստանում 2013 թ. հունվար-հունիսին իրականացվել է 123,3 մլրդ դրամի (մոտ 300 մլն դոլարի) շինարարություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալը նվազել է 8,8%-ով:
Շինարարության անկման հիմնական պատճառը վարկային միջոցների հաշվին իրականացվող շինարարությունն է, որտեղ նվազումը կազմել է մոտ 45%: Ընդ որում՝ Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի կողմից իրականացվող շինարարությունը նվազել է մոտ 4,5 անգամ: Փոխարենը 3,1 անգամ ավելացել է Ասիական զարգացման բանկի վարկի հաշվին իրականացվող շինարարությունը (Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք): Սակայն նշեննք, որ վարկերի հաշվին իրականացվող շինարարության ծավալները Հայաստանում մեծ չեն՝ ընդհանուրի ընդամենը մոտ 5%-ը:
Շինարարության կեսը բաժին է ընկնում մասնավոր տեղական կազմակերպություններին, սակայն այստեղ եւս կա անկում՝ մոտ 10.5%: Սա ուղղակի հետեւանք է բազմաբնակարան բնակելի տների շինարարության անկման: Փոխարենը՝ զգալիորեն ավելի շատ շինարարություն է իրականացնում բնակչությունը՝ աճը 16.9% է: Բնակչությունը 2013 թ. առաջին կիսամյակում իրականացրել է մոտ 85 մլն դոլարի շինարարություն, կամ ընդհանուրի մոտ 28%-ը:
Շինարարության ծավալները նվազել են մարդասիրական միջոցների, համայնքների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայ Առաքելական եկեղեցու մասով:





























