2013 թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է 208 տարերային աղետ՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի 305-ի համեմատ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Հատկանշական է, որ զոհերի ու տուժածների թիվը նույնպես էապես կրճատվել է: Այսպես՝ այս տարի տարերային աղետներից զոհվել է 1 մարդ (կայծակից, Կոտայքի մարզի Հացավան գյուղում), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4 զոհի համեմատ: Ընդ որում՝ կայծակը հիմնական մահացու աղետն է՝ անցյալ տարվա զոհերից երկուսը եւս կայծակից էին, մյուսները՝ սելավից ու ձնաբքից:
Ի տարբերություն 2012 թ., երբ հիմնական տարերային աղետը երկրաշարժերն էին (6 ամսում գրանցվել էր 126 երկրաշարժ), այս տարի առաջին տեղում ձնաբուքն է ու ձնահողմը՝ 69 դեպք, իսկ երկրաշարժերի թիվը 45 է; Ձյան առատ տեղումների պատճառով մոտ 350 հոգի տարհանվել է եւ անցյալ տարի, եւ այս տարի:
Թեեւ այս տարի կարկուտը համեմատաբար մեծ վնասներ հասցրեց, սակայն անցյալ տարվա համեմատ կարկուտների քանակը էապես չի փոխվել՝ 27 անգամ: Սակայն փոխվել է ուժգնությունն ու տեւողությունը, ինչը զգալի վնաս է հասցրել գյուղատնտեսությանը:





























