Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 83,6 մլրդ դրամով կամ 21,1 տոկոսով։ Դրան նպաստում է պետբյուջեում ԱԱՀ-ից ստացված եկամտի աճը:
Նշված ժամանակահատվածում ԱԱՀ բացարձակ հավելաճը կազմել է 35,6 մլրդ դրամ (աճը 22,7 տոկոս), մաքսային տուրքերինը՝ 6,8 մլրդ դրամ (39 տոկոս), շրջակա միջավայրի պաշտպանությունից ու բնական ռեսուրսների օգտագործումից ստացվող վճարներինը՝ 6,5 մլրդ դրամ (59,4 տոկոս):
Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից եկամտահարկն ու պարտադիր սոցալական ապահովության վճարները փոխարինվել են միասնական հարկով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակում այդ երկու հարկատեսակների գծով, ընդհանուր առմամբ, պետբյուջե է փոխանցվել 103,4 մլրդ դրամ, մինչդեռ այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում է 108,3 մլրդ դրամ։
Հետաքրքիր է նշել, որ հիշյալ ժամանակահատվածում, վերջին տարիների ընթացքում առաջին անգամ պետբյուջեում ընդհանուր հարկային եկամուտների ընդհանուր գումարից 1000 խոշորագույն հարկատուների բաժինը կրճատվել է 0,7 տոկոսային կետով՝ կազմելով 65,4 տոկոս։ Սակայն հիմնվելով միայն այս տեղեկատվության վրա, դժվար է եզրակացություններ անել այն մասին՝ արդյոք դրա պատճառը հարկային խստացումներն են, թե երկրում աստիճանաբար սկսել է ամրապնդվել փոքր եւ միջին բիզնեսը։
Դրա հետ մեկտեղ ավելանում են ինչպես տնտեսվարող սուբյեկտներից գանձվող հարկերի հավելավճարները, այնպես էլ պետբյուջեում վերջիններիս պարտքերը։




























