Ադրբեջանի լրատվամիջոցները Հայաստանի հասցեին նոր մեղադրանքների առիթ են գտել: Այս անգամ խոսքը ոչ ավելի, ոչ պակաս՝ միջուկային զենքի մասին է:
Vesti.Az -ում տարօրինակ հրապարակում է հայտնվել: Կրասնոդարի ոմն բնակիչ իբր խմբագրությանը նամակ է ուղարկել, որի նպատակն է եղել բացահայտել «հայերի դավերը»: Հրապարակված նամակում մանրամասն շարադրված է Կրասնոդարի պաշտպանական հիմնարկներից մեկից ռադիոկատիվ սարքավորումների թալանման պատմությունը: Սարքավորումները գողացած մարդն այն չի հասցրել վաճառել, քանի որ վախճանվել է ճառագայթումից: Դրա փոխարեն այդ մարդու որդին սարքավորումը ոստիկանությանն է հանձնել, որտեղ էլ պարզել են կողոպուտի փաստը:
Նամակում անհամապատասխանությունների մի ամբողջ շարք կա: Դրանցից ամենագլխավորն այն է, որ եթե գողացված սարքավորումը մի մարդու մահվան պատճառ է դարձել, ապա այն ինչո՞ւ չի ազդել նրա ընտանիքի անդամների, հարեւանների վրա: Ռադիոակտիվ սարքավորման ոչ կողոպտչի, ոչ էլ ենթադրյալ գնորդի անունները չեն նշվում: Փոխարենը շեշտակի եզրահանգում են կատարում հայկական հատուկ ծառայությունների մասնակցության վերաբերյալ:
Այդ անհեթեթության հիման վրա խմբագրությունը դեպքերի մի քանի վարկած է ներկայացնում: Հատկանշական է, որ բոլորն էլ ծիծաղելի են: Առաջին վարկածը ենթադրում է գողացված սարքավորման հանձնումը Իրանին:
Երկրորդ վարկածը ամենաանարդյունավետն է Ադրբեջանի համար: Ըստ ադրբեջանցիների՝ Հայաստանը կարող է ռադիոակտիվ նյութեր կիրառել Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ:
Երրորդ վարկածի դեպքում ռադիոակտիվ նյութերը «ահաբեկիչներին են փոխանցվում»: Անհեթեթ եզրակացությունները հեղինակին հանգեցնում են «կեղտոտ ռումբի» ստեղծման մտքին:
«Ադրբեջանի արտգործնախարարությունը պետք է տեղեկացնի միջազգային հանրությանը միջուկային զենքի հետ կապված հայերի գաղտնի գործողությունների մասին», - հայտարարում է հոդվածի հեղինակը:
Այսպիսով, կեղծ նամակը եւ դրա հիման վրա արված անհեթեթ ենթադրությունները կարող են հերթական անհիմն մեղադրանքների պատճառ դառնալ:





























