Հայաստանի ոստիկանական համակարգում դժգոհություններ կան Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Անդրանիկ Զատիկյանի մահվան գործի ընթացքից, որին օրեր անց հաջորդել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդու՝ Վարդան Հակոբյանի բնակության վայրում եւ աշխատավայրում կատարված խուզարկությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին Անդրանիկ Զատիկյանի հարազատները:
Նրանք հիշեցրեցին, որ թեեւ Վարդան Հակոբյանը դիմել է փախուստի վնասելով մի քանի մեքենաներ, բացի այդ տնից միլիոնավոր դոլարներ ու զենքեր են հայտնաբերվել, սակայն նրա նկատմամբ անգամ հետախուզում չեն հայտարարել: Հարազատները միաժամանակ ընդգծում են, որ անմեղ մարդը երբեւէ փախուստի չէր դիմի: Նրանք համոզված են, որ Անդրանիկ Զատիկյանին Վարդան Հակոբյանն է միջնորդավորված անձի միջոցով թմրանյութ մատակարարել:
Նրանք կարծում են, որ վերը նշված փաստերի հետ կապված գործին ընթացք չի տրվում, քանի որ Հակոբյաններն ունեն հովանավորյալներ. օրինակ, Հակոբյանները քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի հետ, դատախազությունում եւս բարձրաստիճան թիկունք ունեն:
Անդրանիկ Զատիկյանի հարազատները շարունակում են պնդել եւ պնդելու են, որ նա ոչ թե հանկարծամահ է եղել, այլ նրան սպանել են:
Ավելի վաղ, Անդրանիկ Զատիկյանի քեռին՝ Մելս Հարությունյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի կրտսեր որդու՝ 31-ամյա Անդրանիկ Զատիկյանի մահը պատվիրվել է նրա սպանված եղբոր հետ միասին:
Նշենք նաեւ, որ շաբաթներ շարունակ էլ Ստեփան Հակոբյանի գործով դատական նիստերն էին հետաձգվում նրա առողջական վիճակի պատճառով: Ավելին` Անդրանիկ Զատիկյանի հարազատները կասկածում են, որ Ստեփան Հակոբյան ամենեւին էլ լուրջ առողջական խնդիրներ չունի եւ այդ ամենը պատված է, որ ազատազրկումը անցկացնի դատապարտյալների հիվանդանոցում: Քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից էլ տեղեկացանք, որ Ստեփան Հակոբյան գտնվում դատապարտյալների հիվանդանոցում: Ինչպես նաեւ փոխանցեցին, որ Ստեփան Հակոբյանը բարդ վիրահատության է ենթարկվել եւ հիմա գտնվում է հետվիրահատական շրջանում, ապաքինվելուց հետո կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ:
Հարցին, թե ինչ վիրահատություն է եղել ասացին. « Վիրահատությունը տեղի է ունեցել դատապարտյալների հիվանդանոցում: Դա մի քիչ անձնական է»: Իսկ սույն գործով դատավարությունը մոտենում է ավարտին:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Զատիկյանի գործով ոստիկանությունից տեղեկացրել էին, որ ըստ դատաբժիշկների նշանակված փորձաքննության, մահացել է սրտի պսակաձեւ անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից` մեթադոնային եւ հաշիշային ինտոքսիկացիայի ֆոնի վրա: Փորձաքննությամբ նաեւ պարզվել է, որ Ա. Զատիկյանը կենդանության օրոք տառապել է թույլ արտահայտված ընդհանուր աթերոսկլերոզով, կորոնարոսկլերոզով, սրտամկանի ծանր սնուցախանգարումով, ինչն էլ մեթադոնային եւ հաշիշային ինտոքսիկացիայի պայմաններում հանգեցրել են մահվան: Փորձաքննությունից հետո քննություն սկսվեց, թե որտեղից են նրա ձեռքում հայտնվել թմրանյութը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ 2013-ի հունվարի 13-ին ժամը 7:00-ի սահմաններում հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին: Վերջինս Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղան է: Անդրանիկ Զատիկյանը հաշվառված է Մեծարենցի 58 հասցեում, սակայն բնակվում էր Նոյ թաղամասում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Անդրանիկ Զատիկյանի հայրն էլ` Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ի հոկտեմբերի 7-ին: Պաշտոնական վարկածով վերջինս մահացել է սրտի կաթվածից: Իսկ Զատիկյանի ավագ որդին`Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով վարորդ, 31-ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը:





























