Ամերիկյան Գունատանամո բանտում կալանավորների շրջանում ամենատարածված գիրքը « Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ վեպն է, որի հեղինակը Է. Լ. Ջեյմսն է: Այս մասին հաղորդում են Reuters-ն ու The Huffington Post թերթը՝ վկայակոչելով ամերիկացի կոնգրեսական Ջիմ Մորգանին:

Ջիմ Մորգանը այլ կոնգրեսականների հետ նախորդ շաբաթ այցելել է Գուանտանամո բանտ, որտեղ պահվում են վտանգավոր հանցագործները, այդ թվում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կազմակերպողներից 5-ը:
Զինվորականները հրաժարվել են մեկնաբանել Ջիմ Մորգանի հայտարարությունը: Լրագրողները մուտք չունեն բանտ, սակայն քաղաքական գործիչների հետ այցելել են բանտի գրադարան: Reuters-ի թղթակցի ներկայացմամբ՝ կալանավորներին ընթերցանության համար առաջարկում են  գրքերի լայն ընտրանի՝ սկսած կրոնական գրքերից մինչեւ Ագաթա Քրիստիի դետեկտիվներն ու սթրեսի դեմ պայքարին վերաբերող դասագրքերը: Գրադարանի աշխատակիցը նշել է, որ կալանավորները բոլոր գրքերն էլ վերցնում են, այնտեղ էրոտիկ նկարներ կամ նկարագրություններ գտնելու հույսով, հաղորդում է Lenta.ru-ն:

Նշենք, որ «Մոխրագույնի 50 երանգները» գիրքը լույս է տեսել 2011 թվականին: Այն պատմում է երիտասարդ ուսանողուհու եւ միլիարդատեր տղամարդու հարաբերությունների մասին եւ բազմաթիվ էրոտիկ դրվագների նկարագրություն է պարունակում՝ սադոմազոխիստական տարրերով: