Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում հնչած կրակոցների գործով ավարտված որոշ փորձաքննությունների արդյունքներով Արտակ Բուդաղյանի մեղքը հերքվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ եթե դա ապացուցող օրինակներ բերի, դա կնշանակի հրապարակել եզրակացության բովանդակությունը:

Հարցին, թե Տիգրան Խաչատրյանի մեղքն արդյոք հաստատվո՞ւմ է, նա պատասխանեց. «Ես կարծում եմ Տիգրան Խաչատրյանի մեղքը հաստատվում է մի շարք ապացույցներով, այդ թվում նաեւ փորձաքննության եզրակացություններով, բայց նաեւ մի շարք այլ ապացույցներով՝ փորձաքննությունից դուրս, որոնք այս պահին եւս չեմ կարող մատնանշել»:

Իսկ փորձաքննության արդյունքներով, այլ անձինք, կամ հենց Սուրեն Խաչատրյանը  նեգրավվա՞ծ են գործում եւ մեղավորության իրենց բաժինն ունե՞ն, հարցին էլ արձագանքեց. «Ես իմ գնահատականներում զգուշավոր եմ: Գիտեք, որ ոչ միայն Տիգրան Խաչատրյանին է մեղադրանք առաջադրված, այլեւ Զարզանդ  Նիկողոսյանին, ինչը նշանակում է, որ վարույթ իրականացնող մարմինը եւս ունի որոշակի ապացույցներ՝ մեղադրանք առաջադրելու առումով: Իսկ Սուրիկ Խաչատրյանի մեղավորության մասով մատնանշում է իմ պաշտպանյալը եւ նրա ասածը օդի մեջ չի  եւ ունի  որոշակի հիմնավորումներ»:

Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ տեսաերիզի փորձաքննությունը դեռ չի ավարտվել, հավելելով, որ միայն տեսաերիզով հնարավոր չէ հաստատել որեւէ մեկի մեղքը: «Հակառակը՝ տեսաերիզում կարող է ինչ-որ մեկը չերեւալ, բայց հետագայում հաստատվի, որ այդ մարդը նույնպես մասնակցել է, սակայն տեսաերիզի մեջ չի երեւում ելնելով տվյալ վայրում խցիկներ չլինելու հանգամանքից»,- հիմնավորեց փաստաբանը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե իր կարծիքով փորձաքննության եզրակացությունները օբյեկտի՞վ էին, թե՝ ոչ, ինչին Ալումյանն արձագանքեց. «Ոչ բոլորն եմ այդպիսին համարում եւ, այդ թվում նաեւ պատրաստվում եմ կրկնակի փորձաքննության միջնորդություն անել փորձաքննություններից առնվազն մեկի վերաբերյալ, որի մասին այս պահին չեմ կարող խոսել, քանի որ կդիտվի  նախաքննության գաղտնիքի հրապարակում»:

Ի դեպ, Հայկ Ալումյանը հաստատեց տեղեկությունը, որ փորձաքննության արդյունքների եզրակացությամբ հաստատվել է, որ Սուրեն Խաչատրյանի որդին եղել է թմրանյութի ազդեցության տակ:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք էր եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ էր ծագել, որը շարունակվել էր Սյունիքի մարզպետի տան մոտ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը:

Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:

Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը: