«Հրապարակը» գրում է, թե hայոց իսթեբլիշմենթի արձակուրդային ռելաքսը շարունակվում է: Ընդ որում, եթե նախորդ տարի հայոց հոգնած կաստան միահամուռ մեկնում էր Գաուդիի Իսպանիան «վայելելու», ապա այս տարի սույն «հոգնածները» նախընտրում են Հունաստանն ու Իտալիան:

Օգոստոսի 10-ին արձակուրդից կվերադառնա հանգստացած ու կազդուրված Հովիկ Աբրահամյանը, որպեսզի սեպտեմբերին կրկին ձեռնամուխ լինի օրենսդրական բուռն գործունեությանը: Նրա «մեկնման» ու վերադարձի ողջ հմայքն այն է, որ արձակուրդ գնալուց առաջ նա ԱԺ նախագահի պաշտոնակատար է նշանակել ոչ թե իր առաջին տեղակալին, ինչպես ընդունված է` Էդուարդ Շարմազանովին, այլ` Հերմինե Նաղդալյանին: «Շարմազանովը շատ զբաղված էր` երեւի դրա համար. հնարավոր չէր համ երկրի «նախագահ» լիներ, համ էլ ԱԺ նախագահի պաշտոնակատար»,- կատակում են ԱԺ-ում` չցանկանալով անդրադառնալ ՀՀԿ երիտսերունդ-ծերեր խուլ «ձեռնամարտին»:

Ի դեպ, հայոց իսթեբլիշմենթի մի մասի վերադարձից հետո արձակուրդ կմեկնի մյուս մասը. օգոստոսի 15-ին Ղարաբաղ հանգստի կմեկնի Տիգրան Սարգսյանը` յուր մերձավորներով: