«Հրապարակը» գրում է, թե առերեւույթ հանգիստ ՀՀԿ գրասենյակում անհամբեր սպասում են, թե ինչ  անուններ են հնչելու առաջիկայում պաշտոնանկ արվելիք մարզպետների, ինչպես նաեւ թափուր մնացած  38 ընտրատարածքի առնչությամբ:

ՀՀԿ-ում կարծում են, որ մեկ շաբաթվա ընթացքում գոնե 38-ի հաշվով պարզություն կլինի ոչ միայն այն պատճառով, որ Իրանից վերադարձած կլինի Սերժ Սարգսյանը, այլեւ` որ օգոստոսի 5-ից սկսվում է թեկնածուների առաջադրումը:  Ի դեպ, արդեն հնչած անունների կողքին ՀՀԿ-ում նոր անուն է ավելացել` Ռոման Սարգսյան. վերջինս մինչ այդ եղել է Կապանի ՀՀԿ կառույցի ղեկավարը, այժմ էլ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի` Սուրիկ Խաչատրյանի տեղակալն է: 

Ինչ վերաբերում է մարզպետներին, ապա ՀՀԿ-ում անհամբեր սպասում են, թե ինչով կավարտվի Արարատի մարզպետի «պատմությունը», որի գյուղվարչության պետին դիզվառելիքի գործով ձերբակալել են: Արարատում մրցակցությունն ունի գինե-օղիա ուղենշում` «Վեդի ալկոյի» Մանվել Ղազարյանի եւ  «Ավշարի» Արայիկ ու Մայիս Գրիգորյանների միջեւ: Ըստ որոշների` Մանվելին սատարում է Հովիկ Աբրահամյանը:

Իսկ Գրիգորյանները, ճիշտ է, հայտարարում են, որ ոչ մի դեպքում «չեն  դառնա» մարզպետ, այնուհանդերձ, մտածում են, որ իրենց «կսատարի» Սերժ Սարգսյանը, ինչպես իրենք սատարեցին նրան ԱԺ եւ նախագահական ընտրությունների ժամանակ: