Չեխիայում տեղի բնակչին թույլ են տվել անձը հաստատող փաստաթղթի համար նկարվել` քամիչը գլխին, հաղորդում է iDnes.cz-ը: Լուկաշ Նովին որոշել է այդ կերպ նկարվել, քանի որ «Թռչող մակարոնային հրեշի» պաշտամունքի հետեւորդ է, ըստ որի չի կարելի առանց քամիչը գլխին դնելու նկարվել:

Չեխիայի ՆԳՆ-ն,մեկնաբանելով միջադեպը, հայտարարել է, որ Բրնո վարչական շրջանը, որտեղ բնակվում է Նովին, շատ ազատակամորեն է մոտենում բնակչության կրոնական հավասարության իրավունքների մասին օրենքին: Քանի որ «Թռչող մակարոնային հրեշի» պաշտամունքը պաշտոնական կրոն չէ, Նովիին կարող էին արգելել քամիչով լուսանկարվել, փոխանցում է Lenta.ru-ն:

Սակայն որոշ փաստաբաններ կողմ են արտահայտվել տղամարդու արարքին: Նրանց խոսքով` քամիչը դեմքը չի ծածկում եւ չի խանգարում նրա անձի նույնականացմանը, ուստի փաստաթղթերի համար նման լուսանկարն ընդունելի է:

«Թռչող մակարոնային հրեշի» եկեղեցին հիմնադրվել է 2005-ին ամերիկացի Բոբբի Հենդերսենի կողմից: