Հռոմի իշխանությունները շաբաթ օրը մասնավոր մեքենաների համար փակել են Իտալիայի մայրաքաղաքի գլխավոր պողոտայի Կոլիզեում տանող հատվածը, հայտնում է «Ֆրանս փրեսս»-ը։ Այսկերպ նախատեսվում է պաշտպանել ամֆիթատրոնը, որի պատերը սեւացել են օդի աղտոտվածությունից։
Հասարակական տրանսպորտի համար ճանապարհը բաց կմնա։
Նախկինում հաղորդվել էր Կոլիզեումի ռեստավրացման ծրագրերի մասին։ Աշխատանքները կշարունակվեն մինչեւ 2015թ. եւ կընթանան մի քանի փուլով։
Առաջին փուլում կվերականգնվեն հյուսիսային եւ հարավային վերնահարկերը։
Երկրորդ փուլում ամֆիթատրոնի դիմացի հրապարակում կնախագծվի եւ կկառուցվի զոսաշրջիկների սպասարկման կենտրոն։ Երրորդ փուլն առայժմ մշակվում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Կոլիզեումը կառուցվել է 72-80թթ.՝ Ֆլավիոս Վեսպասիանոս կայսեր օրոք։ Ամֆիթատրոնն օգտագործվում էր զվարճացնող տեսարանների համար, այդ թվում՝ գլադիատորական մարտերի։
Հռոմի Կոլիզեում ամեն տարի մոտ 6 միլիոն զբոսաշրջիկներ են այցելում։





























